Բաժիններ՝

Ադրբեջանում հալածվող գրող Աքրամ Այլիսլին որոշել է հեռանալ Թուրքիա

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ ադրբեջանցի գրող, աղմկահարույց «Քարե երազներ» վիպակի հեղինակ Աքրամ Այլիսլին որոշել է լքել Ադրբեջանը՝ իր դեմ գործադրվող հալածանքների պատճառով:

Իր կյանքի ու իր ընտանիքի անդամների անվտանգության համար մտահոգ գրողը որոշել է մեկնել Թուրքիա: Թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Այլիսլին հայտարարել է, որ Ադրբեջանում չեն տպագրվում իր ստեղծագործությունները, իսկ պիեսները հանվում են թատերական խաղացանկից.

«Իմ կյանքն այստեղ անհնար է դառնում: Ես որոշել եմ լքել հայրենիքը և բնակություն հաստատել եղբայրական Թուրքիայում: Կարծում եմ, որ միայն այնտեղ ես կարող եմ հարմարավետ զգալ ինձ: Սակայն դրա համար անհրաժեշտ է թուրքական կողմի հրավերը»:

Այդ որոշման համար Այլիսլիին անվանել են վախկոտ մտավորական:

Հիշեցնենք, որ «Քարե երազներ» վեպում պատմվում է 1989 թվականին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Այս վիպակի հրատարակումից հետո Այլիսլին 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական ​​կենսաթոշակից։

Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունը»:

Բաքվում ու Ադրբեջանի մի շարք քաղաքներում այրեցին նրա գրքերը, իսկ նրա տան մոտ կազմակերպվեց բողոքի ակցիա: Իշխանամետ «Ենի Մուսավաթ» կուսակցությունը 12.000 դոլարի պարգև խոստացավ նրան, ով կկտրի գրողի ականջը: Հալածանքների ենթարկվեցին նաև գրողի կինն ու որդին, որոնց հեռացրին աշխատանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս