ԱՄՆ-ը 60 միլիոն դոլար կտրամադրի սիրիացի ապստամբներին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղա Ջոն Քերին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ը 60 միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերելու սիրիացի ապստամբներին: Քերին այս մասին հայտարարել է Հռոմում Սիրիական ազգային դաշինքի առաջնորդ Մուազ ալ-Հաթիբի հետ հանդիպումից հետո:
Մասնավորապես, ԱՄՆ-ը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մարտնչող ապստամբներին հատկացնելու է սննդամթերք ու դեղորայք, ինչպես նաև օգնելու է ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքների ենթակառույցների վերականգնման հարցում:
Բացի այդ, Քերին խոստացել է շարունակել օգնությունը Սիրիայի հարևան երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում ու Իրաքում, ապաստանած սիրիացի փախստականներին: Սակայն ամերիկյան The New York Times թերթը գրել է, որ սիրիական ընդդիմությանն ամերիկյան աջակցությունը չի սահմանափակվի միայն այդքանով:
Վաշինգտոնում թերթի ունեցած աղբյուրները հայտնել են, որ ամերիկացի մասնագետները ռազմական դասընթացներ են անցկացնելու Սիրիայի ազատ բանակի զինյալների հետ, նրանց ապահովվելու են ռազմական սարքավորումներով (գիշերային տեսանելիության սարքեր, ավտոմեքենաներ, զրահաբաճկոններ, ռադիոկայաններ և այլն):
Հիշեցնենք, որ Ջոն Քերին Հռոմում մասնակցում է «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը: