ԱՄՆ դեսպանը հանդիպել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդների հետ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն այսօր հանդիպել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդների հետ: REAL շարժման համահիմնադիր Էրքին Գադիրլին հայտարարել է, որ այդ հանդիպումը կայացել է ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մարդու իրավունքների, քաղբանտարկյալների հարցերը, ինչպես նաև նախագահական ընտրությունների նախաշեմին տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը:
Տվյալ հանդիպմանը Գադիրլիից բացի, մասնակցել են նաև «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը, «Ումուդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեն, «Ադրբեջանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն ու «Լիբերալ» կուսակցության նախագահ Ավազ Թեմիրհանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 16-ին: