Ի՞նչ հետաքրքիր պատմություն է կապված երգիչ Էրիկի՝ «Առաջին և միակ» երգի հետ

Փոփ երգիչ Էրիկի (Էրիկ Կարապետյան) «Առաջին և միակ» երգի կատարումն արդեն համացանցում է: Ինտերնետ տարածքում երգի կատարումից անմիջապես հետո շատերը գրառումներ կատարեցին՝ նշելով, որ այն ինչ-որ տեղ արդեն լսել էին, և չի կարելի այն երգի պրեմիերա կոչել: 168.am-ը կապվեց երգչի հետ՝ պարզելու, թե ե՞րբ և ինչպե՞ս են շատերը լսել երգչի այդ նոր աշխատանքը: «Երգի հանդեպ հանրության հետարքրությունն ու համացանց ներբեռնելուց հետո ստացած շատ դրական արձագանքները ստիպեցին ինձ մտածել այն մասին, որ շուտով հնարավոր է՝ այս երգի հիմքում ևս տեսահոլովակ նկարահանվի: Երգն ինձ համար շատ հարազատ է, այն ունի  հետաքրքիր նախապատմություն: Մի օր ինձ Ավետ Բարսեղյանը զանգահարում և ասում է, որ նոր երգ է անհրաժեշտ իր մտերիմներից մեկի հարսանյաց հանդեսի համար: Ճիշտն ասած՝ ես երաժշտություն ունեի գրած, որը պահել էի ինձ համար: Այն ցույց տվեցի Ավետին, նա շատ հավանեց, և ստեղծվեց այս երգը: Երգն առաջին անգամ կատարվել է հենց այդ զույգի հարսանյաց հանդեսի ժամանակ, որից հետո առհասարակ ոչ մի տեղ չի հնչել: Բայց, չգիտես որտեղից, երգը տարածում է գտել, մարդիկ լսել էին և վերանվանել երգի մեջ հնչող տողերով՝ «Սրտի բանալի»: Եվ, որպեսզի հանրությունը լսի օրիգինալ կատարումն ու տեսնի իրական վերնագիրը, ես ներբեռնեցի երգը համացանց, սակայն նմանատիպ մտադրություն չունեի: Այն բավական մեծ արձագանք ստացավ, ինչի համար իսկապես շատ ուրախ եմ»,- ասաց Էրիկը: Վերջինս զրույցի ընթացքում նշեց, որ նորություններ, այնուամենայնիվ, իր ունկնդրին շուտով կմատուցի: «Նոր տեսահոլովակ ենք նկարահանում: Աշխատանքներն արդեն սկսվել են, սակայն նկարահանելու տեսարաններ դեռ կան: Նոր աշխատանքը հետաքրքիր, ակումբային  երգ է, որ, հուսով եմ, ունկնդիրը ևս կհավանի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էրիկը:

Հիշեցնենք, որ փոփ երգիչը ծնվել է 1988թ. հունիսի 5-ին, Թբիլիսիում: 2005թ. ավարտել է Թբիլիսիի Ցաբաձեի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 2006թ.-ից տեղափոխվել է Երևան: 2006-11թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2006-10թթ. աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ: 2006թ. «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակի: 2007թ. «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ դարձել է հաղթող: 2011թ. ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 2012թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: Թողարկել է 1 ձայնասկավառակ, նկարահանել է 6 տեսահոլովակ:

Տեսանյութեր

Լրահոս