«Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյանին հավասար պատասխանատու է»
«Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի այդ գործը կոծկեն, որովհետև իրենք Մարտի 1-ից վախենում են: Իրենք գիտեն՝ որ օրն իրենց աթոռներից զրկվեն, հաջորդ օրը պատասխանատվություն են կրելու Մարտի 1-ի սպանդի համար: Այդ պատճառով ամեն ինչ արեցին Մարտի 1-ի սպանդը կոծկելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերից մեկի` Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով` հետագա պատասխանատվությունից խուսափելու և եղելությունը կոծկելու համար իշխանությունները հինգ տարվա մեջ նույնիսկ պատմությունը կեղծեցին (նկատի ունի ԵՊՀ պատմության ֆակուլտետի հրատարակած բուհական դասագիրքը.- Ա.Փ.): Եթե Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել, Տիգրան Խաչատրյանի մայրը որևէ ակնկալիք չունի, թե գործը կբացահայտվի, և մեղավորները պատասխանատվության կկանչվեն: «Հինգ տարվա մեջ Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյանին հավասար պատասխանատու է, առաջ ես մի քիչ կասկածում էի: Հիմա Ռոբերտ Քոչարյանը չկա, հիմա ինքն է խոչընդոտում Մարտի 1-ի բացահայտմանը»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ եթե իշխանափոխություն չլինի, ինքն այլևս չի ցանկանա ապրել այս երկրում: Իսկ իշխանափոխության երաշխիքներ մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը տեսնում է: «Ես, իհարկե, չգիտեմ, թե Րաֆֆին ինչ քայլեր կանի, բայց ես շատ կուզենայի, որ արմատական քայլերի գնար: Ես կարծում եմ, որ ժողովուրդն այնքան ոտքի է կանգնած, որ պարզապես պետք է մեկը, ով պայքարը մինչև վերջ կտանի: Եթե ընդիմությունն էլ միանա, հաղթանակը ժողովրդինը կլինի»,- կարծում էԱլլա Հովհաննիսյանը:
Խոսելով Հայ ազգային կոնգրեսի կողմից արված փորձերին` Մարտի 1-ը բացահայտելու ուղղությամբ, Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ ՀԱԿ-ն էլ, փաստորեն, չկարողացավ առաջընթաց գրանցել, բայց ամեն դեպքում՝ միակ ուժն է, որը հետևողական է եղել այս հարցում: «Չգիտեմ` ինչքան կարող էր անել, բայց որ մեծ գործ է արել, ես չեմ կարող դա ուրանալ: Այն, որ գործը Եվրոպական դատարան է հասել, ՀԱԿ-ի շնորհիվ է: Մյուս ուժերը, որոնք ընդդիմություն են խաղում, մեր գործը չէին հասցնի Եվրոպական դատարան»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գործը 2011թ. փետրվարին ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և, որքանով ինքը տեղյակ է, այս տարի արդեն քննությունը պետք է սկսվի:
Ալլա Հովհաննիսյանը նշեց նաև, որ հույս ունեն՝ արդեն մարտին կձևավորվի Մարտի-1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը, որի հարցը 2012թ. վերջին հետաձգվեց նախագահի ընտրություններից հետո: Տիգրան Խաչատրյանի մայրը տեղեկացրեց, որ Մարտի 1-ի զոհերի ծնողներին հավաստիացրել են, որ ընտրություններից հետո հարցը կբարձրացվի: Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդարանական հանձնաժողովից չեն ակնկալում, որ ամբողջովին կբացահայտի Մարտի 1-ը, սակայն գոնե ինչ-որ հարցերի պատասխան կտա: «Մենք էլ ենք համոզված, որ մինչև իշխանափոխություն չլինի, սպանությունները չեն բացահայտվի, բայց գոնե որոշակի պարզություն կմտնի, գոնե հաստատվի, որ իմ երեխային Ոստիկանությունը սպանել է` օգտագործելով արգելված զենք»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:
Հարցին, թե որքանո”վ հետևողական կլինի ՀԱԿ-ը Մարտի 1-ի բացահայտման հարցում` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ« եթե դեպքերից հետո Կոնգրեսը մեղադրանքներ էր հնչեցնում նաև ԲՀԿ-ի հասցեին, իսկ վերջին շրջանում դիրքորոշումը փոխեց կուսակցության նկատմամբ, Ալլա Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ին հավատալը Կոնգրեսի սխալներից մեկն էր: «Այն, որ իրենք չէին գա Կոնգրեսին միանա, դա, կարծում եմ, միանշանակ է: Այդ հարցում Կոնգրեսը չպիտի հավատար ԲՀԿ-ին: Դրանով թուլացավ, բայց դե« չի սխալվում այն մարդը, ով ոչինչ չի անում»,- նշեց նա: Ալլա Հովհաննիսյանի խոսքերով, Մարտի 1-ի համար պատասխան են տալու բոլորը`անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից: «Հինգ տարի մենք ենթարկվել ենք ամեն տեսակի ռեպրեսիաների՝ Մարտի 1-ի բացահայտման հարցում, բայց ես միշտ պայքարելու եմ և հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր այդ սպանությունները կբացահայտվեն»,- եզրափակեց Տիգրան Խաչատրյանի մայրը: Հիշենենք, որ 2011թ. փետրվարից Ալլա Հովհաննիսյանը նաև հիմնել է «Մարտի 1» հասարակական կազմակերպությունը: