Բաժիններ՝

Կառավարությունը հաստատեց «Թեղուտ» ՓԲԸ-ի հարկային արտոնությունը

ՀՀ կառավարությունը որոշել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի համաձայն 2013 թ. մարտի 1-ից մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. մարտի 1-ը։ Ընկերությունը հիմնադրվել է 2006 թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ կողմից որպես 100 տոկոսանոց դուստր ընկերություն` Թեղուտի պղինձ-մոլիբդենային Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնելու նպատակով։ Նախագծի առաջին փուլը կիրականացվի 28 տարում։ Բոլոր ներդրումները գնահատվում են ավելի քան 338 մլն ԱՄՆ դոլար, որից 132 մլն դոլարը կկազմի ֆաբրիկայի կառուցման և սարքավորումների ձեռքբերման ծախսը։ Պղնձի և մոլիբդենի խտանյութերը կարտադրվեն սկսած 2015 թվականից։ 2008-2013 թթ. ստեղծված ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղերը կփոխարինվեն նույն քանակի մշտական աշխատատեղերով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ֆաբրիկայի կառուցման համար ընկերությունը նախատեսում է ձեռք բերել 2.7 մլրդ դրամի սարքավորում, որի համար էլ տրվել է ԱԱՀ-ի հետաձգման թույլտվությունը։
ՀՀ կառավարությունը թույլատրել է, որպեսզի «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվի մինչև 2013 թ. հուլիսի 11-ը։ Հիմք ընդունելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 2011 թ. ֆինանսական արդյունքները` կառավարությունը որոշել է թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշելով, որ պետական մասնակցությունն ընկերությունում 80 տոկոս է, վարչապետն արծարծել է ձեռնարկության սեփականաշնորհման հարցը։ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին հանձնարարել է իրականացնել ԲԲԸ-ի համալիր ստուգում, որպեսզի ճշտորեն որոշվի նրա շուկայական գինը` սեփականաշնորհումն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Վարչապետն առաջարկել է քննարկել նաև ընկերության բաժնետոմսերը բորսայի միջոցով վաճառելու հնարավորության հարցը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել սոցիալական փաթեթի այն շահառուներին, ովքեր 2013 թ. հունվար և փետրվար ամիսներին չեն բացել սոցփաթեթի հաշիվները, այդ անել մարտ ամսին և ստանալ նախորդ երկու ամսվա հասանելիք գումարը, ինչպես նաև զինծառայողների համար ապահովել առավել արդյունավետ և որակյալ բուժսպասարկում։
Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունն ապահովել է Երևանի Մազմանյան 5 հասցեի շենքի տանիքի նորոգումը և ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների բնականոն աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս