32-ամսյա ընդմիջումից հետո ԵՄ-ը Թուրքիային բանակցություններ է առաջարկել

MK-Turkey-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պաշտոնական համաձայնություն է տվել Թուրքիայի անդամակցության շուրջ նոր բանակցային գլուխ բացելու վերաբերյալ: Դա տեղի է ունեցել 32-ամսյա ընդմիջումից հետո, երբ դրա վրա վետո էր դրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:

ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը երեկ Բրյուսելում «կանաչ լույս» է վառել 22-րդ բանակցային գլխի շուրջ, որը կոչվում է «Տարածաշրջանային քաղաքականություն ու կառուցվածքային գործիքների կոորդինացիա»: Թուրքիան պետք է կատարի միայն մեկ չափանիշ՝ բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար:

Տվյալ չափանիշի կատարման պլանը ԵՄ-ը կներկայացնի մոտ օրերս: Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում եղած աղբյուրները: Ակնկալվում է, որ 22-րդ բանակցային գլխի շուրջ բանակցությունները կմեկնարկեն արդեն հունիսին՝ նախքան ԵՄ-ում Իռլանդիայի նախագահության ժամկետի ավարտը:

Հիշեցնենք, որ Թուրքիան միավորված Եվրոպայի, այն ժամանակ Եվրոպական տնտեսական ընկերակցության (ԵՏԸ) դռներն առաջին անգամ սկսել է թակել դեռևս 1959 թվականի հուլիսի 31-ին: Այդ ժամանակ Անկարան Բրյուսելից իրազեկվեց, որ Հունաստանը դիմում է ներկայացրել ԵՏԸ-ին անդամակցելու համար: Թուրքիայում անմիջապես գտան, որ Հունաստանին պետք չէ միայնակ թողնել եվրոպական ընտանիքում, քանի որ նա սկսելու է վարելու հակաթուրքական քաղաքականություն:

Թուրքիան նույնպես ներկայացրեց այդպիսի դիմում, ինչի կապակցությամբ թուրք հանրահայտ լրագրող ու վերլուծաբան, արդեն իսկ հանգուցյալ Մեհմեթ Ալի Բիրանդը հայտարարել է, որ այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսն անգամ չի պատկերացրել իր սկսած գործի մասշտաբը:

Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթնաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:

Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար (ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ) Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը:

Տեսանյութեր

Լրահոս