«Ժառանգությունը» ԿԸՀ որոշումը կվիճարկի դատարանում
Փետրվարի 25-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշում ընդունվեց մերժել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը:
168.am-ը Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվո՞ւմ են բողոքարկել ԿԸՀ վերոգրյալ որոշումը՝ հաշվի առնելով, որ բողոքարկման ժամկետն ավարտվում է այսօր։
«Այո, մենք անպայման բողոքարկելու ենք, որովհետև այդպես չի կարող պատահել, որ նյութը՝ կախված նրանից, թե որտեղ է տեղադրված, կարող է լինել քարոզչական կամ ոչ քարոզչական: Հակառակը՝ նյութը մնում է քարոզչական` անկախ նրանից, թե որտեղ է այն գտնվում: Չի կարող նույն պաստառը, նույն բովանդակությամբ, բիլբորտի վրա մեծ չափերով կամ գրատախտակների վրա A4 ֆորմատով լինել քարոզչական նյութ (խոսքը թեկնածու Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով սպիտակ պաստառների մասին է.- Տ.Մ.), բայց շտաբի վրա փակցված նույն բովանդակությամբ պաստառը չլինի քարոզչական: Նման բան չի լինում, իսկ պարոն Մուկուչյանի ասածը հենց դա էր, որ լինում է: Սա միանշանակ վիճարկելի է, և մենք կդիմենք Վարչական դատարան»: