Նինո Բուրջանաձեն այսօր կներկայանա դատախազություն՝ կապված 2011թ. մայիսյան ցույցի բռնի ցրման հետ (տեսանյութ)
Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր հարցաքննելու է խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրտական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին: Դա կապված է 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում Նինո Բուրջանաձեի գլխավորած բողոքի ակցիայի՝ ուժային ճանապարհով ցրման հետ:
Այն ժամանակ ակցիայի մասնակիցները հինգ օր շարունակ պահանջում էին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը և հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի ձախողեին մայիսի 26-ին՝ երկրի անկախության օրը, խորհրդարանի շենքի դիմաց կայանալիք զորահանդեսը: Քանի որ նրանք հրաժարվել էին հեռանալ տվյալ տարածքից, գործին միջամտել էին հատուկջոկատայինները, և ցույցը ցրվել էր ջրնետ մեքենաների, արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների ու մահակների օգնությամբ:
Այս կապակցությամբ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ իրենք տվյալ գործով արդեն իսկ հարցաքննել են տուժածների մեծ մասին ու քաղաքական գործիչներին: Նա ընդգծել է, որ այդ ցույցի ցրման հետևանքով մարդկանց զոհվելու հետ կապված հետաքննությունն ավարտված է գործնականում: Բուրջանաձեն անձամբ ցանկություն է հայտնել համագործակցել հետաքննության հետ և այսօր կներկայանա դատախազություն: