Տիգրան Մուկուչյանը նորմալ է վերաբերվում ԿԸՀ շենքի առջև ընթացող ակցիային
Եթե մի պահ ընդունենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջով 42 տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումները հաստատվեին ու տվյալ տեղամասերում արձանագրվեին խախտումներ, վերահաշվարկի դեպքում ձայների հարաբերակցությունը կլիներ հետևյալը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 37 տոկոս, Սերժ Սարգսյանին՝ 57 տոկոս: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակման պահին շենքի առջև իրականացվող ակցիային, Տ. Մուկուչյանն ասաց. «Մարդիկ իրենց տեսակետն ու կարծիքն են արտահայտում, ինչը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ընտրական օրենսգիրքը սահմանել է իրավական նորմեր՝ ընտրական գործընթացը թափանցիկ դարձնելու համար: Եթե որոշակի տեսակետներ են ներկայացնում, փորձում ենք ներկայացնել փաստեր և պարզապես ենթադրություններ կամ դատողություներ չենք ներկայացնում: Մեր կողմից թափանցիկության ապահովումը հնարավորություն կտա լիիրավ ընկալել ԿԸՀ-ի գործառույթները»: