«Եկել եք ստեղ, թվեր խփեք, որ ի՞նչ անեք». Բողոքի ակցիա ԿԸՀ-ի առջև
ԿԸՀ շենքի առջև մի խումբ ակտիվիստներ բողոքի ցույց էին կազմակերպել։ «Ձերբակալել ընտրակեղծարարներին», «Հետապնդվում է Տիգրան Մուկուչյանը», «Եկել եք ստեղ, թվեր խփեք, որ ի՞նչ անեք՝ հեղինակ Ս.Ս.») կարգախոսներով պաստառները ձեռքներին՝ ակցիայի մասնակիցները պահանջում էին պատժել ՀՀ նախագահի ընտրությունների կեղծարարներին։ Ակցիայի օրը պատահաբար չէ ընտրված՝ հենց այս պահին ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները։ Ակցիայի մասնակիցներից Կարեն Հարությունյանը «168.am»-ի հետ զրույցում ասաց, որ եկել են, որպեսզի զգուշացնեն՝ կանխվի այն հանցագործությունը, որ կատարվել է ժողովրդի հանդեպ. «Եթե նրանք կկատարեն այս պահանջը, ապա հասնել նրան, որ նրանք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Ժողովուրդը չի մոռանալու այն հանցագործությունը, որ կատարվել է իր նկատմամբ»: Ակցիային միացել է նաև «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։ «Այստեղ անձի խնդիր չկա, այստեղ ժողովրդի ընտրությունն է, որ պետք է հաշվի առնվի։ Մենք ուսումնասիրել ենք և համոզվել, որ ընտրատարածքների գերակշիռ մասում ձայները տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին»,- նշեց նա։
Քիչ հետո ԿԸՀ-ի առջև հավաքված մասնակիցներին միանալու են դասադուլի ակցիայի կազմակերպիչները։