Վրաստանի գլխավոր դատախազը հնարավոր է համարել Սաակաշվիլիին դատախազություն կանչելը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին չի բացառում, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մոտ ժամանակներս կարող է կանչվել դատախազություն՝ «Իմեդի» հեռուստաընկերության յուրացման գործով վկայություն տալու համար.
«Ջոզեֆ Քեյի ցուցմունքները հաստատում են, որ բոլոր գործողությունները, որոնք հեռուստաընկերության յուրացման նպատակով իրականացրել են նախկին իշխանությունները, համաձայնեցված են եղել Վրաստանի նախագահի հետ: Հնարավոր է՝ այդ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով նախագահը կանչվի դատախազություն՝ որպես վկա»:
Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն Կբիլաշվիլիի այս հայտարարությունը որակել է որպես «կեղտոտ զրպարտություն»:
Ֆինանսների նախարարության Հետաքննչական ծառայությունը փետրվարի 23-ին մեղադրանք է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ՝ կապված «Իմեդի» հեռուստաընկերության յուրացման հետ: Հետաքննող կողմը կարծում է, որ տվյալ հեռուստաընկերության նախկին համասեփականատեր ամերիկացի Ջոզեֆ Քեյը 2008 թվականին ճնշումների ու սպառնալիքների հետևանքով ստիպված է եղել իր բաժնեմասը վաճառել քաղաքապետին:
Ուգուլավան մեղադրվում է կեղծ գործարքով այդ բաժնեմասը գնելու մեջ, ինչը ֆինանսավորվել է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից: «Իմեդի» հեռուստաընկերությունը ստեղծվել է վրացի ձեռնարկատեր Բադրի Պատարկացիշվիլիի կողմից և իր ժամանակին հանդիսացել է Վրաստանի առաջատար ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկը:
2008 թվականի փետրվարին Լոնդոնում Պատարկացիշվիլիի մահվանից հետո «Իմեդի» հեռուստաընկերությունը տարբեր գործարքների հետևանքով հայտնվեց Georgian Media Production Group-ի վերահսկողության տակ և Պատարկացիշվիլու ընտանիքին վերադարձվեց միայն 2012 թվականի հոկտեմբերին՝ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը: