Իսրայելը Թուրքիայից մասնակի ներողություն կխնդրի իր «օպերատիվ սխալների» համար

Թուրքական Radikal թեթի փոխանցմամբ՝ Իսրայելը Թուրքիայից ներողություն կխնդրի 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարա» միջադեպի ժամանակ թույլ տված «օպերատիվ սխալների» համար: Այդ օրն իսրայելցի հատուկջոկատայինները «Մավի Մարմարա» նավում սպանել են Թուրքիայի 9 քաղաքացու:

Թուրքական թերթն ընդգծում է, որ մասնակի ներողություն խնդրելու վերաբերյալ բանակցությունները գաղտնի են տարվում Թուրքիայի ու Իսրայելի միջև: Թուրք լրագրողներն ընդգծում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տվյալ հարցում ճնշում է գործադրում Թուրքիայի ու Իսրայելի վրա, որպեսզի նրանք հաշտվեն նախքան իր Մերձավոր Արևելք այցելելը, ինչը պետք է տեղի ունենա ընթացիկ տարվա մարտի վերջին:

Հիշեցնենք, որ «Մավի Մարմարայի» միջադեպի գործով դատալսումները Թուրքիայում մեկնարկել են 2012 թվականի նոյեմբերի 6-ին: Ի դեպ, այդ միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսրայելին անվանել էր «ծովահեն», իսկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այդ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:

Ի դեպ, Թուրքիայում օրեր առաջ վերսկսվեց «Մավի Մարմարայի» միջադեպի գործով դատավարությունը, որում հեռակա ամբաստանյալների կարգավիճակում են «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ Իսրայելի գլխավոր շտաբի պետ Գաբի Աշքենազին, Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար Էլիեզեր Ալֆրեդ Մարոնը, Իսրայելի ռազմաօդային ուժերի հետախուզության պատասխանատու Ավիշայ Լևին և Իսրայելի հետախուզության նախարար Ամոս Յադինը: Թուրքական դատախազությունը պահանջում է նրանց ազատազրկել 18.000 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս