Բաժիններ՝

Օսկարն ավարտվեց. «Արգո»-ի հաղթանակը և նոր ռեկորդը (տեսանյութ, լուսանկարներ)

Լոս-Անջելեսում ավարտվեց Ամերիկյան կինոակադեմիայի 85-րդ Օսկար մրցանակաբաշխությունը:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց Բեն Աֆլեկի «Արգո» դրաման՝ ընդհանուր առմամբ արժանանալով 3 Օսկարի: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթեց Էնգ Լին, ում «Պիի կյանքը» ժապավենը ստացավ 4 Օսկար (նաև՝ տեսաէֆեկտների, օպերատորական աշխատանքի և երաժշտության համար):

Լավագույն դերասանուհու մրցանակը բաժին հասավ Ջենիֆեր Լոուրենսին՝ Դևիդ Օ.Ռասելի «Իմ տղամարդը խելագար է» կատակերգությունում գլխավոր դերակատարման համար:

Ստիվեն Սփիլբերգի «Լինքոլն» դրամայում ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին մարմնավորելու համար լավագույն դերասան ճանաչվեց Դենիել Դեյ-Լյուիսը՝ այսպիսով գերազանցելով Ջեք Նիքոլսոնի ռեկորդը: Նա դարձավ առաջին տղամարդ դերասանը, ով երեք Օսկարի է արժանացել գլխավոր դերերի համար: Հատկանշական է նաև, որ Դեյ-Լյուիսին մրցանակը հանձնեց մեկ այլ եռակի օսկարակիր Մերիլ Սթրիփը:

Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» վեստեռնում երկրորդ պլանի դերակատարման համար Օսկարի արժանացավ ավստրիացի դերասան Քրիստոֆ Ուոլցը: Նա իր առաջին Օսկարը ստացել էր Տարանտինոյի մեկ այլ ժապավենում՝ «Անփառունակ սրիկաները» ֆիլմում դերակատարման համար: «Թշվառները» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար մրցանակ ստացավ Էն Հեթուեյը: Սա դերասանուհու առաջին Օսկարն էր:

Ինչպես և սպասվում էր, լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց ավստրիացի Միկաել Հանեկեի «Սեր» դրաման:

Հագուստի լավագույն ձևավորման համար Օսկարի արժանացավ «Աննա Կարենինա» դրաման, իսկ դիմահարդարման համար՝ «Թշվառները» մյուզիքլը: Վերջինս մրցանակ ստացավ նաև «Լավագույն հնչյունավորում» անվանակարգում:

Լավագույն անիմացիոն ժապավեն ճանաչվեց «Քաջարի սիրտը»:

«Հնչյունային մոնտաժ» անվանակարգում մրցանակը կիսեցին «Նպատակ թիվ մեկ» և «Սկայֆոլ» դրամաները, իսկ մոնտաժի համար Օսկարի արժանացավ «Արգո»-ն:

«Նկարչի աշխատանք» անվանակարգում հաղթեց Ստիվեն Սփիլբերգի «Լինքոլն»-ը: Ինչպես և սպասվում էր, լավագույն երգ ճանաչվեց Ադելի «Skyfall» ստեղծագործությունը: Սա բրիտանացի երգչուհու առաջին Օսկարն էր:

«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում Օսկարի արժանացավ Քվենտին Տարանտինոն («Ազատագրված Ջանգոն»), իսկ ադապտացված սցենարի համար մրցանակ ստացավ «Արգո»-ի սցենարիստ Քրիս Տերիոն:

15 14 13 12 11 10 7 8 9 6 5 4 1 2 3 16

Թոմսոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս