Րաֆֆի Հովհաննիսյան. «Նոյան աշխարհում մի նոր ջրհեղեղ է բարձրանում»
«Այս հրապարակում կանգնած են Հայաստանի քաղաքացիներ, հայ մարդիկ, ովքեր անցած ընտրություններին քվեարկել են «Ժառանգության», «Դաշնակցության», ՀԱԿ-ի, «Բարգավաճի» և անգամ «Հանրապետականի» համար, բայց այսօր կանգնած է առաջին հերթին Հայաստանի քաղաքացին»,- այսօր Երևանի Ազատության հրապարակում հրատապ հավաքի մասնակիցներին ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում խոսքով` այսօր իրենց հետ է 88թ-ի շունչը և 2008թ-ի ոգին:
«Մեզ հետ են այսօր Հայաստանի երեք նախագահները, մեզ հետ են ժողովրդի կողմից ընտրված Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը: Ո՛չ, Ազատության հրապակում այլևս կուսակցություն չեք գտնի»,- ասաց Ր. Հովհաննիսյանը, ում խոսքով` այսօր Արարատյան դաշտում, Նոյան աշխարհում մի նոր ջրհեղեղ է բարձրանում` զուլալ, բարի, մաքուր, բայց միևնույն ժամանակ հզոր ապագայամետ ջրհեղեղ, որը մաքրելու է երկիրը բոլոր ստերից, կեղծիքներից և ստորություններից: «Եվ որի ալիքի տակ խեղդվելու է վախը, ատելությունը, չարությունը, խանդը և ստրկամտությունը: Սրանք հայկական արժեքներ չեն, այլ օտար արժեքներ են»,- ընդգծեց Ր. Հովհաննիսյանը:
«Արդեն ջրհեղեղն սկսել է, լուրերը գալիս են, մեր պայքարի առաջին արձագանքները, ճեղքերը, սպասելի հետևանքները: Շիրակի մարզպետն արդեն հրաժարական է տվել, Արմավիրի քաղաքապետն արդեն հրաժարական է տվել, հրաժարական է տալու նաև Վանաձորի քաղաքապետը, և մեկ առ մեկ՝ Տավուշից մինչև Սյունիք, ժողովրդին հրաժարականներ են ներկայացնելու մարզպետները, քաղաքապետները, գյուղապետները, այն բոլոր մարդիկ, ովքեր մեզ թալանել են, ծաղրել են, խաբել և վախեցրել: Այլևս երբեք»,- նշեց «Ժառանգության» նախագահը` հայտարարելով, որ երեկ իրենց հաղթանակը նշեցին Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում: