Բաժիններ՝

«Բոլորը Ֆրանսիայում գիտեն իմ աշխատանքների մասին և ինձ անվանում են «Հայը»». Եսսայի Ալթունյան (լուսանկարներ)

Ֆրանսաբնակ հայ երգիչ Եսսայի Ալթունյանին բոլորը հիշում են «Մենք ու մենք» հեռուստատեսային նախագծից, որի շրջանակներում նա հանդես էր գալիս երգչուհի Էմմիի հետ։ Եսսային այժմ կրկին բնակվում է Ֆրանսիայում։ 168.am-ը պարզել է, թե ինչով է նա զբաղվում, և թե ինչ նորություններ կարելի է սպասել նրանից։

– Եսսայի, կպատմե՞ք Ձեր արմատների մասին։

– Ես ծնվել եմ Փարիզում։ Իմ ծնողները հայ են, և նրանք ևս ծնվել են Ֆրանսիայում։ Մայրս երգչուհի և երգերի հեղինակ է։ Երեք տարեկանում հենց նա էլ ինձ սովորեցրել է դաշնամուր նվագել։ Նա ամեն օր միացնում էր Quincy Jones-ի ձայնասկավառակները։ Այդ պատճառով էլ  ես շատ եմ սիրում սոուլ, ջազ, Rn’b և փոփ երաժշտություն։ Նախածնողներս էլ Հայաստանից հեռացել են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ։

Essayi_Altunyna (6)

– Ֆրանսիայում ինչո՞վ եք զբաղվում։

– Ես Ֆրանսիայի շատ երգիչների, հեռուստատեսային շոուների և երաժշտական կոմեդիաների համար երգեր եմ գրում։ Այս ընթացքում աշխատել եմ Michel Legrand-ի, Amel Bent-ի, Patrick Fiori-ի, Ophelie Winter-ի, the DJ Joachim Garraud-ի, այդ թվում՝ ամերիկացի երգիչների, ինչպես, օրինակ` Chris Willis-ի հետ։

Ես նաև ստեղծագործել և պատրաստել եմ իմ առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «FIRST»։ Ձայնասկավառակում ներառված են 11 երգեր։ Իմ աշխատանքների թվին են պատկանում նաև «Էրեբունի-Երևան» երգի նոր տարբերակը, որը կատարել եմ երգչուհի Էմմիի հետ։ Նա շատ լավ ու բարի արտիստ է։ Համագործակցել եմ նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ։ Պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելն ինձ համար հիանալի փորձ էր։

Essayi_Altunyna (5)

– Հայ արտիստներից ո՞ւմ եք հավանում և ո՞ւմ հետ կուզենայիք համագործակցել:

– Իմ ամենասիրելի երգչուհին Շուշան Պետրոսյանն է, բայց Հայաստանում շատ ուրիշ տաղանդավոր երգչուհիներ կան։ Երգերի հեղինակներից շատ եմ հավանում Հայկոյին և Դեր-Հովային։ Շատ կուզենայի երգել Շուշան Պետրոսյանի հետ, քանի որ նա իմ ընկերն է և ունի անհավատալի ձայն։

Դուք հայ եք, բայց այստեղ Ձեզ քչերը գիտեն…

– Այո, ես 1000%-ով հայ եմ, իմ սիրտն ամբողջությամբ հայ է։ Երբ ես փոքր էի, Փարիզի փողոցներում մայրիկիս գրկին բղավում էի՝ «Ճանաչեք Ցեղասպանությունը»։ Ես միշտ հպարտ եմ` պայքարելու իմ ժողովրդի համար։ Բոլորը Ֆրանսիայում գիտեն իմ աշխատանքների մասին և ինձ անվանում են «Հայը»։

Essayi_Altunyna (1)

– Իսկ չե՞ք մտածում Հայաստանում Ձեր երաժշտական կարիերան շարունակելու մասին։

– Ես չեմ ցանկանում մտածել միայն Հայաստանում իմ կարիերան շարունակելու մասին։ Ես աշխատում եմ միջազգային հարթակում։ Մենք կարիք ունենք ամբողջ աշխարհում ունենալ հայ արտիստներ, ովքեր կներկայացնեն մեր համայնքն ու մեր երկիրը։ Ես միշտ ուրախանում եմ, երբ գալիս եմ Հայաստան և երգում եմ։ Սա ինձ ուրախացնում և երջանկացնում է, քանի որ ես զգում եմ, որ եկել եմ իմ տանը երգելու։

– Ի՞նչ կարծիք ունեք հայկական շոու-բիզնեսի մասին։

– Կարծում եմ` հիանալի կլիներ, եթե Հայաստանում ստեղծվեր ինչ-որ հիմնական ընկերություն, որտեղ ներգրավված կլինեին բոլոր երգիչ-երգչուհիները։ Այդպիսի ընկերություններ են, օրինակ, universal-ը, sony-ն, warner-ը։ Սրանք ունեն անհրաժեշտ գումար, որպեսզի օգնեն արտիստներին հայտնի դառնալ։ Սա հիանալի կլինի հայ երգիչ-երգչուհիների համար։

Essayi_Altunyna (3)

– Ի՞նչ նորություններ սպասենք Ձեզանից։

– Այժմ ես աշխատում եմ իմ երկրորդ ձայնասկավառակի վրա, որը հասանելի կլինի 2014 թվականի սկզբներին։

– Իսկ ե՞րբ կրկին Հայաստանում կլինեք։

– Ես հույս ունեմ մոտ ժամանակներս Հայաստան գալ` կա՛մ ստեղծագործելու, կա՛մ էլ ուղղակի իմ գեղեցիկ երկիրը վայելելու համար։

Essayi_Altunyna (4)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս