Իրենք են միացած մեր պայքարին, ոչ թե հակառակը. Լ.Զուրաբյան

«Երբ ակնհայտ դառնա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հետևողական է, վճռական, ճիշտ հաշվարկված ու անզիջում, մենք անմիջապես մեր անելիքները կտեսնենք: Մենք պայքարին միացած ենք շատ վաղուց, դեռևս 1988 թվականից, և ես համարում եմ, որ իրենք են միացած մեր պայքարին և ոչ թե՝ հակառակը»: Այս մասին ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե ի՞նչ նախադրյալներ պետք է ստեղծվեն, որ միանանք Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին:

Նա նշեց, որ իրենք ուշադիր հետևում են Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, բայց այս պահին դեռ վերջնական գնահատականներ դրա վերաբերյալ չունեն: «Սա պայքար է սահմանադրական կարգի վերականգնման համար, ժողովրդավարության, ժողովրդի քվեն պահելու համար: Մենք, այս հինգ տարի է, այդ պայքարն ենք տանում, մենք ենք ասում՝ կեղծված ընտրություններ, մենք ենք ասում, որ Մարտի 1-ով արյան մեջ փորձեցին խեղդել ժողովրդի ընդվզումը, նպաստել ենք նրան, որ նորից վերաբացվեն հրապարակները, և այլն»,- մասնավորեցրեց նա:

Ինչ վերաբերում է այս պահին մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանի այցելություններին, հանրահավաքներին, բարևի հեղափոխությանը, Լևոն Զուրաբյանն ասաց. «Փոխանցեք իրեն իմ բարևը»:

Իսկ թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի անել այն, ինչ չկարողացավ անել ՀԱԿ դաշինքը, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Կոնգրեսին շատ բան է հաջողվել: Միայն այն, որ լուրջ ձայներ են արձանագրվել ընտրատեղամասերում, նաև ընտրական հանձնաժողովներում Կոնգրեսի ներկայացուցիչների առաքելության հետևանքն է, ովքեր ունեցել են հստակ առաքելություն՝ պահել ժողովրդի ձայնը: Այն, որ այսօր հանգիստ կարող են հանրահավաքներ անել, դա Կոնգրեսի պայքարի հետևանքն է, ինչն իշխանությունը, փաստորեն, ստիպված է ընդունել այս ամենը: Մենք հինգ տարի լայնացրել ենք ազատության սահմանները Հայաստանում և շարունակելու ենք իրականացնել մեր նպատակները: Եթե քաղաքական այլ ուժեր այս ուղղությամբ ևս աշխատելու են, մենք դա միայն ողջունում ենք»:

Կարդացեք նաև

Մենք հետաքրքրվեցինք, թե՝ նախկինում, ըստ էության, լինելով Րաֆֆի Հովհաննիսյանի տեղում, ի՞նչ սխալներ եք նկատել, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ է տվել պայքարի ժամանակ, ՀԱԿ համակարգողն ի պատասխան՝ ասաց. «Անգամ եթե տեսնեի, դրա մասին չեմ խոսի, որովհետև ես չեմ ցանկանա խանգարել: Իր քայլերում կարող են սխալներ լինել, հակասություններ, բայց ես չեմ ցանկանում որևէ մեկին խանգարել: Մտահոգություն ևս չունեմ:  Ես մտածում եմ, որ ինչքան շատ քաղաքական ուժեր չեն հաշտվում այն իրողության հետ, որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, այնքան լավ: Մենք իրողության հետ չենք հաշտվում: Հինգ տարի է՝ փողոցից դուրս չեն գալիս: Եվ եթե նոր ուժեր են մտնում փողոց, դա միայն ողջունելի է»:

Իսկ ինչպե՞ս է Լ.Զուրաբյանը վերաբերում այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը միացել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀԱԿ համակարգողը հակիրճ պատասխան տվեց՝ դրական

Տեսանյութեր

Լրահոս