«Չեմ թաքցնում, համարում եմ, որ թերացել ենք, այո ՛»

Ասում է Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը
– Նախագահական ընտրություններին ինչո՞ւ ՀՀԿ-ական թեկնածու, ՀՀ գործող նախագահը պարտություն կրեց Կապանում:
– Մենք նախագահական ընտրություններին հավաքեցինք նույնքան ձայն, ինչքան ունեցանք Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում` թե՛ տոկոսային հարաբերությամբ, թե՛ համարյա թե բացարձակ թվով։ Այլ խնդիր է, թե ինչպե՞ս բաշխվեցին ձայերը: Հիմնականում ձայները բաշխվեցին երկու թեկնածուների` գործող նախագահ Սերժ Սարգսյանի և թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Նորից եմ կրկնում` թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսային հարաբերությամբ, կարելի է ասել, գրեթե բան չի փոխվել, եթե նույնիսկ համարենք, որ աճ չկա:
– Այսինքն` Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը չի՞ պարտվել Կապանում:
– Նորի՞ց կրկնեմ` ձայների մյուս մասը Ազգային ժողովի ընտրություններին բաշխվել է քաղաքական մյուս ուժերի միջև, այս անգամ մյուս թեկնածուները չեն հավաքել ձայներ Կապանում, այսինքն` մնացած մասը տրվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:
– Այսինքն` Դուք կանխատեսո՞ւմ էիք նման պատկեր, թե՞ որպես ՀՀԿ-ական` ավելի շատ սպասելիքներ ունեիք:
– Ես ավելի շատ սպասելիքներ ունեի:
– Դա ենթադրո՞ւմ է, որ ՀՀԿ-ն լավ չի աշխատել նախընտրական փուլում:
– Չէի ասի, թե վատ աշխատեց: Խնդիրը կայանում է նրանում, թե առհասարակ մենք ինչ աստիճանի, ինչ չափի էինք պատրաստվում աշխատել` հաշվի առնելով թվացյալ լուրջ մրցակցության բացակայությունը: Չեմ թաքցնում, համարում եմ, որ թերացել ենք, այո՛:
– Ձե՞ր թերացումն է:
– Մյուսների մասով չեմ կարող ասել, իհարկե, ես իմ թերացումն ընդունում եմ:
– Շիրակի ՀՀԿ-ական մարզպետն ազատման դիմում է գրել ընտրություններից հետո, քանի որ ՀՀԿ-ի թեկնածուն ամենաքիչ ձայները ստացավ Շիրակում: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է, որ այս քայլը վարակիչ լինի մյուս ՀՀԿ-ականների համար: Օրինակ, Դուք պատրաստվո՞ւմ եք աշխատանքից ազատման դիմում գրել:
– Քաղաքապետի դեպքում ազատման դիմումը գրում են ավագանուն: Երկրորդը` ես չեմ պատրաստվում ազատման դիմում գրել, որովհետև իմ պաշտոնավարման 100-րդ օրն ընդամենը 1-2 օր առաջ է լրացել, և ես ընդամենը պաշտոնավարել եմ 100 օր: Այստեղից` եզրակացություն, որ թեև ես գտնում եմ, որ անելիքներ ունեի ընտրությունների մասով, այնուամենայնիվ, չեմ համարում, որ 3 ամիս աշխատելուց հետո, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, պետք է հրաժարական տամ:
– Նշեցիք, որ ընդունում եք Ձեր թերացումը: Այդ դեպքում ի՞նչ պետք է անեիք, որ նման պատկեր չլիներ և Ձեր սպասելիքներն արդարացվեին:
– Դա արդեն հետընտրական շրջանի վերլուծությունների խնդիր է, այսինքն` մենք ունենք խնդիր վերլուծելու այդ ամենը, բայց մեկ բառով այս պահին այդ հարցին չեմ պատասխանի, այսինքն` նկատի ունեմ, որ կա մի պատճառ: Ուղղակի հարկավոր է վերլուծել, այո՛, ընդունել մեր սխալները և փորձել հետագա մեր քայլերն ավելի ճիշտ կազմակերպել` և՛ որպես քաղաքապետ, և՛ որպես քաղաքական գործիչ:
– Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ում պատիժներ լինեն թույլ տրված սխալների համար:
– Իհարկե ոչ:
– Կապանցիները նշում են, որ Կապանում ընտրությունների պատկերը կանխատեսելի էր, ինչը պայմանավորված է, ըստ նրանց, Կապանի քաղաքապետի ոչ լեգիտիմ ընտրություններով: Եվ Սյունիքի մարզկենտրոնում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը պատասխանն էր տեղական իշխանություններին: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
– Ո՞վ է ասում:
– Կապանի բնակիչներից շատերն այդ կարծիքն ունեն:
– Եթե չեմ սխալվում, դուք շատ ուշադիր հետևում էիք քաղաքապետի ընտրություններին և, հավանաբար, դուք էլ կունենաք ձեր կարծիքն այդ մասով: Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, շատերը կարող էին և հնարավորություն ունեին այդ ամենը պարզելու օրինական ճանապարհով, և ամիսներ հետո` համարյա 6 ամիս հետո, այդ մասին խոսելն անտեղի եմ համարում, մանավանդ, որ քաղաքապետի ընտրություններին ես հավաքել եմ 10.000-ից ավելի ձայն` 17.000 մասնակիցներից:
– Բայց միևնույն ժամանակ` դաշնակցական նախկին քաղաքապետի նկատմամբ գործադրվեցին ճնշումներ:
– Ճնշումներ չգործադրվեցին։ Եթե ընդամենը մեջբերում եք ուրիշի խոսքը, դա չի նշանակում, որ դա փաստ է: Այդ մասին խոսվել է բազմիցս: Եվ կարծում եմ` դուք մինչև հիմա հնարավորություն ունեիք ճշտելու նույն նախկին քաղաքապետի կարծիքը:
– Պարոն Հայրապետյան, ՏԻՄ ընտրություններից առաջ Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը հանդես եկավ հայտարարությամբ և պատճառաբանեց իր` ընտրություններից դուրս գալու հանգամանքը:
– Կարո՞ղ եք այսքան ժամանակ ճշտել` դա ի՞ր հայտարարությունն էր, թե՞ ոչ:
– Հայտարարությունն իր անունից է:
– Այսօր իմ անունից Կապանում ասում են, ինչպես դուք նշեցիք, հրաժարականի դիմում եմ տալիս: Դա իրականությանը չի համապատասխանում, չէ՞:

Տեսանյութեր

Լրահոս