Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմությունափոխություն իրականացրեց
Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվի Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, բայց, որ նա երեկ «Ազատության» հրապարակում կազմակերպված հանրահավաքով ընդդիմությունափոխություն իրականացրեց` անվիճելի փաստ է: Երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության հիմնական ընդդիմադիր ուժ լինելու իրավունքն ընդունեցին ՀՅԴ-ն` իր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի միջոցով, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով թեև դեմ էր կանխորոշված ընտրություններին, սակայն գալով Ազատության հրապարակ և բռնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքը` ճանաչեց այդ ընտրությունների օրինականությունը, ՀԱԿ նախկին անդամներ Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, նախկին քաղաքական բանտարկյալ և վտարանդի Արկադի Վարդանյանը, քաղաքացիական շարժման մի քանի ակտիվիստներ, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Համոզված ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ հանրահավաքների ժամանակ կլինեն նոր ճանաչումներ և նոր ճանաչողներ, բայց թվարկվածն արդեն բավարար է հասկանալու համար, որ ընդդիմադիր դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ստեղծած ՀԱԿ-ի հնգամյա մենաշնորհին վերջ է տրված: Իշխանության դեմ պայքարի, երկրում իշխանափոխություն իրականացնելու և նոր իշխանություն ձևավորելու դրոշն այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների ձեռքում է: Բոլոր նրանք, ովքեր կընդունեն դա և կմիանան Հովհաննիսյանին, տեղ կունենան ընդդիմադիր դաշտում, ովքեր կմերժեն Րաֆֆի Հովհաննիսյանին, կհայտարարեն, որ նա անընդունակ է ղեկավարել ընդդիմությունը, որ նա գործարքի է գնալու իշխանության հետ, և նման բաներ, կհայտնվեն քաղաքական դաշտի լուսանցքում, անկախ իրենց ունեցած ֆինանսական կամ կազմակերպչական ռեսուրսներից:
ՀԱԿ-ի ոչնչացման գործն իր ձեռքն է վերցրել Նիկոլ Փաշինյանը, ով թեև ֆորմալ առումով դեռ ՀԱԿ անդամ է, բայց արդեն երկրորդ անգամ անընդմեջ հայտարարում է, որ այն ուժերը, ովքեր ուզում են ապօրինի իշխանության հեռացումը, պետք է լինեն «Ազատության» հրապարակում, և ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Այս առաջարկը հավանության արժանացավ հրապարակում հավաքվածների կողմից: Սա նշանակում է, որ եթե ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն հաջորդ անգամ չլինեն հրապարակում, ապա դա կարող է ընկալվել, որ նրանք չեն ուզում ապօրինի իշխանության հեռացումը: Չի բացառվում, որ այդ հարցը հաջորդ հանրահավաքներում դառնա հրապարակային քննարկման առարկա, և ինչ-որ ժամանակ անց հրապարակը պատրաստ լինի այդ կուսակցություններին ճանաչել իշխանության աջակիցներ: Ի վերջո, մի ժամանակ ՀԱԿ-ին հաջողվել էր, չէ՞, Րաֆֆի Հովհաննիսյանին և «Ժառանգությանը» ներկայացնել որպես իշխանության աջակիցների: Հիմա հրաշալի հնարավորություն կա` փոխելու դերերն ու դերակատարներին:
Շատերը համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարելով իր հաղթանակի մասին, կրակն է ընկել այդ հաղթանակի ձեռքը, քանի որ չգիտի, թե ինչպես իրացնի իր հաղթանակը: Այսինքն` նա չգիտի, թե ինչպես դե յուրե ամրագրել այդ հաղթանակը: Երեկվա հանրահավաքում նա հստակ բացատրեց, որ ինքը միարժեք չի պնդելու, որ իշխանությունը ճանաչի իր հաղթանակը, և պատրաստ է փոխզիջման իշխանության հետ, որն ինքն առաջարկել է նախագահ Սերժ Սարգսյանին, նրա հետ հանդիպման ժամանակ: Երեկվա հանրահավաքում նա մի քանի մանրամասներ ներկայացրեց այդ հանդիպումից:
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին առաջարկը եղել է` ճանաչել «ժողովրդի հաղթանակը», այսինքն` իր հաղթանակը, քանի որ Րաֆֆին սիրում է իրեն նույնացնել ժողովրդի հետ: Սակայն Սերժ Սարգսյանը նրան «ոչ» է ասել: Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ առաջարկը եղել է` անցկացնել նոր ընտրություններ, բայց այս առաջարկը ևս մերժվել է:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ինքը Սերժ Սարգսյանին այլ փոխզիջում է առաջարկել. պատժել բոլոր ընտրակեղծարարներին` գյուղապետերին, քաղաքապետերին, մարզպետներին, զինվորական հրամանատարներին, պատգամավորներին, նախարարներին, վարչապետին, շտաբի պետերին, կարելի է ասել` ամբողջ իշխանությանը, անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի և անհապաղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որի դեպքում իրենք հաղթանակ կտանեն և այդկերպ կգան իշխանության: Սակայն Սերժ Սարգսյանը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանի այս առաջարկը ևս:
Սրան ի պատասխան` Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ, երբ իր բոլոր առաջարկներին բացասական պատասխան է տրվել, ինքն այլ ասելիք չունի, քան շարունակել պայքարը մինչև հաղթանակ: Բայց շարունակել հանդարտ և սահմանադրական ճանապարհով, որը չի սահմանափակվելու միայն Երևանով, և իրենք գնալու են Հայաստանի քաղաքներ և գյուղեր: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը երեք հանրահավաք է անցկացնելու. առաջինը լինելու է Աշտարակում, հետո` Վանաձորում, ապա` Գյումրիում: Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հանրահավաք է անելու Երևանում:
Հետաքրքիր է, որ պատմելով իր առաջարկների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասում, թե ինչ է իրեն առաջարկել Սերժ Սարգսյանը: Ի վերջո, առաջարկներ է արել ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ նաև Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն արդեն ակնարկել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խեղաթյուրված է ներկայացրել իրենց զրույցի մանրամասները, և ակնարկել է, որ կարող են հրապարակել այդ երկխոսության իրենց տարբերակը:
Ինչ է ցանկանում անել Րաֆֆի Հովհաննիսյանը: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանափոխության իր սցենարն ուներ, ըստ որի` նա մտադիր էր կազմաքանդել ավազակապետությունը, որը ենթադրում էր, որ իշխանության մեջ գտնվող որոշ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, գործարարներ կանցնեն ընդդիմության կողմը, իշխանական բուրգը կփլուզվի, և ինքը կճանաչվի` որպես օրինական իշխանություն: Այն ժամանակ թվում էր, թե իշխանությունը կարող է փլուզվել, քանի որ մի քանի պաշտոնյաներ և պատգամավորներ, որ մինչ այդ իշխանության մեջ էին կամ սատարում էին իշխանության թեկնածուին, անցան Տեր-Պետրոսյանի ճամբարը: Բայց ճամբարափոխությունը մասսայական բնույթ չստացավ, և Տեր-Պետրոսյանի իշխանափոխության սցենարը տապալվեց:
Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե կրկնակի ավելի ձայն է ստացել, քան Տեր-Պետրոսյանը 2008թ., սակայն Ազատության հրապարակում կրկնակի անգամ քիչ մարդ է հավաքվում, քան 2008թ.: Հովհաննիսյանը գնալով մարզեր` տեղի բնակչությանը ևս տեղեկացնելու է, որ Հայաստանում կա նոր ընդդիմություն և ընդդիմության նոր առաջնորդ: Բացի այդ, դրանով նա փորձելու է լցնել հրապարակը և դրանով ճնշում գործադրել իշխանության վրա: Րաֆֆի Հովհաննիսյանը մտածում է, որ Սերժ Սարգսյանն իրեն մերժել է` համարելով թույլ: Իրեն հիմա պետք է ուժ ցույց տալ` իր պահանջների գոնե մի մասի բավարարմանը հասնելու համար: