Հրաժարականները շարունակվում են. Հերթը հասավ Արմավիրի քաղաքապետին
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Արմավիրի մարզպետարանից hetq.am կայքի աղբյուրը հայտնել է, որ այս պահին քննարկվում է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Էջմիածնի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի հրաժարականի հարցը:
Մարզպետարանից նաև տեղեկացրել են, որ երեկ տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ քաղաքապետ Խլղաթյանը շատ նյարդային վիճակում է եղել և կոպիտ խոսել ու վիրավորել որոշ բաժինների պետերի:
Երեկ էլ Արմավիրի մարզպետի գլխավորությամբ հանրապետականները հավաքվել են Արմավիրում: Հավաքին, որին ներկա են եղել Երևանից ժամանած հանրապետականներ ևս, քննարկել են քաղաքապետ Խլղաթյանի հրաժարականի հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական են տվել նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: