Թուրքիայի ռազմաօդային ուժերը պատրաստվում են կիբեր պատերազմի
Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ` Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մեհմեթ Էրթենը հայտարարել է, որ թուրքական արտադրության առաջին մարտական ինքնաթիռը կստեղծվի 2023 թվականին` Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:
Նա հիշեցրել է, որ իրենք արդիականացրել են F-16 տիպի կործանիչները, շարունակում են F-35 կործանիչների ձեռք բերման ուղղությամբ կատարվող աշխատանքները, մեծ հաջողություններ են արձանագրել «Գյոքթուրք» արբանյակների ու անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրության մեջ:
Էրրթենի խոսքերով` վերջին շրջանում իրենք սկսել են մեծ ուշադրություն հատկացնել արբանյակային տեխնոլոգիաներին ու կիբեր պատերազմին: Նա հավելել է, որ իրենք էլեկտրոնային ու տիեզերական տիրույթներում գործելու նպատակով ստեղծելու են կիբեր էսկադրիլիա և դրա հետ կապված` ձևավորվելու է կիբեր հրամանատարություն` ընդգծելով, որ ռազմաօդային ուժերի կիբեր հայեցակարգը մշակվել է դեռևս 2011 թվականին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի աշնանը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն առաջին անգամ «կարմիր գրքի» սպառնալիքների թվում ներառեց կիբերանվտանգությունը: Արտաքին ու ներքին սպառնալիքների մասին այդ փաստաթուղթը, որն անվանում են նաև «գաղտնի կամ կարմիր սահմանադրություն», թարմացվում է 5 տարին մեկ անգամ:
Դրանից արդեն մեկ տարի անց` 2011 թվականի հոկտեմբերի սկզբին, հայտնի դարձավ, որ Թուրքիան ստեղծում է Ազգային կիբերբանակ, որը սկզբնական շրջանում բաղկացած է լինելու 200 մասնագետից: