Չեմ կարծում, թե ՀՀՇ-ն ճգնաժամ ունի. Հ. Իգիթյան
Հայոց Համազգային Շարժման 18-րդ արտահերթ համագումարի ժամանակ, որտեղ, ինչպես հայտնել ենք, քննարկվում է ՀՀՇ-ն Հայ ազգային կոնգրես կուսակցության անվանափոխելու մասին հարցը, ելույթ ունեցավ ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նա նշեց. «Այն ժամանակ, երբ ՀՀՇ էինք ստեղծում, վտանգավոր էր ՀՀՇ-ական լինելը: Հիմա ասում են, թե նրանք օգտագործել են մարդկանց ալիքը՝ պաշտոն ստանալու համար, բայց մենք բաց քաղաքական պայքարով, բաց ճակատով Կոմունիստական կուսակցությանն ասում էինք՝ ի՞նչ ենք անում, ի՞նչ գաղափար ենք իրագործում: Անցել է մեծ ժամանակ՝ հետագայում շատերը կհիշեն, որ եղավ ՀՀՇ-ն փակելու մասին ծրագիր, ինչի շուրջ տարբեր փաստարկներ եղան, բայց հիմնական հաղթող փաստարկը եղավ այն, որ անվանափոխումը կարող է լինել անցյալի հանդեպ բարդույթ, ու որոշեցինք չգնալ այդ քայլին»:
Իգիթյանը շեշտեց, որ չի կարծում, թե ՀՀՇ-ն ունի ճգնաժամ: Նրա խոսքով, ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանի թիմն ուներ ՀՀՇ-ն լուծարելու ծրագիր, երբ կուսակցությունն ուներ 150.000 դոլար պարտք, անվանափոխման քայլին անդամները չգնացին: Ըստ նրա՝ ՀՀՇ-ն է դարձել 2008 թվականի շարժման նախագահականի հիմքը, Կոնգրեսի հիմքը, ու շարունակում է մնալ:
Իգիթյանը պնդեց, որ որևէ խոչընդոտ չի տեսնում այն հարցում, որ անկուսակցականները միանան ՀՀՇ-ին, և՝ ոչ հակառակը: «Իրավաբանորեն մենք իրավահաջորդ ենք, փաստացի նոր կուսակցություն: Եկեք հասկանանք՝ ինչի՞ համար ենք դա անում, ի՞նչ հարց ենք դնում մեր առջև: Բայց հանկարծ այնպես չլինի, որ ասեն, թե ՀՀՇ-ն 25 տարի գոյություն ունեցավ: Ես հպարտ եմ, որ առաջին օրվանից եղել եմ ՀՀՇ-ի անդամ, հիմա էլ կամ, չեմ ամաչում որևէ պիտակներից ու չեմ ամաչելու»,- եզրափակեց նա: