Ասում ենք՝ ընդդիմություն, հասկանում ենք՝ Րաֆֆի Հովհաննիսյան

Մինչև փետրվարի 18-ը, մինչև նախագահական ընտրությունները Հայաստանի թիվ 1 ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն էր, իսկ թիվ 1 ընդդիմադիրը` նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երկրում համակարգային փոփոխությունների և իշխանափոխություն իրականացնելու հուսերը կապվում էին նրա հետ: Նախագահական ընտրություններից հետո իրավիճակը կտրուկ փոխվում է, և ընդդիմության տեղը գրավում է Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երեկ հայտարարել է հանդարտ և սահմանադրական ճանապարհով պայքարը շարունակելու մասին, կարող է հասնել նրան, որ Հայաստանում տեղի ունեցած ընդդիմությունախոխությունն անդառնալի դառնա:

Դա կարող է տեղի ունենալ ընդամենը մի քանի օր հետո: Մարտի 1-ին ՀԱԿ-ը հայտարարել է հանրահավաք անցկացնելու իր մտադրության մասին: ՀԱԿ վերջին հանրահավաքը տեղի է ունեցել գրեթե 8 ամիս առաջ, և դրանից հետո այդ կառույցը այդպես էլ համարձակություն չունեցավ հանրահավաք անցկացնել, թեև հայտարարել էր, որ սեպտեմբերին հանրահավաք պետք է անցկացնի: Բայց հայտարարված հանրահավաքն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ ՀԱԿ-ում զգուշացան, որ դրանով ցույց կտան, թե որքան է պակասել աջակիցների բանակը: Մարտի 1-ին, ամենայն հավանականությամբ, հանրահավաք կհրավիրի նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Հենց այդ ժամանակ պարզ կդառնա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների բանակն անհամեմատ ավելի մեծ է, քան Լևոն Տեր-Պետրոսյանինը: Չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները միանան Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, և այդ դեպքում, այլևս ոչ միայն` դե ֆակտո, այլ նաև` դե յուրե Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա ընդդիմության առաջնորդ: Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի նախկին անդամներ`ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Ռուբինյանն արդեն հրապարակայնորեն հայտարարել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանին են ճանաչում` որպես հայաստանյան ընդդիմության նոր առաջնորդ:

Տեսանյութեր

Լրահոս