Բաժիններ՝

Վրաստանի նոր կառավարությունը չորս լծակ է տվել Ռուսաստանին. Սաակաշվիլի

Новости-Грузия-ի փոխանցմամբ`Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Հանրային հեռուստատեսության 1-ին ալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանի նոր կառավարությունը երկիրը կախվածության մեջ է դնում Ռուսաստանից.

«Վրաստանի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը Կրեմլին ընձեռում է Վրաստանը ղեկավարելու լծակ: Կառավարությունը Ռուսաստանին տվել է մի քանի լծակներ:

Առաջինն էներգետիկ լծակն է, երբ դադարեցվում են հիդրոէլեկտրակայանների կառուցումը, և նոր կառավարությունը էներգետիկան կախվածության մեջ է դնում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից:

Երկրորդն առևտրային լծակն է: Ռուսական շուկան առաջնահերթ ընտրելը վտանգավոր է Վրաստանի համար, և Ռուսաստանին հնարավորություն է տալիս մի օր կործանել Վրաստանի տնտեսությունը: Ընդ որում, դա առաջնահերթ է ընտրվել այն դեպքում, երբ վրացական ապրանքների համար բաց են եվրոպական ու ամերիկյան շուկաները:

Երրորդն Աբխազական երկաթուղու վերականգնումն է: Նրանք նոր են սկսել խոսել այդ մասին, մինչդեռ արդեն իսկ սկսվել են երկաթուղու վերականգնման աշխատանքները: Չորրորդը կարող է դառնալ Սամցխե-Ջավախքը: Եթե նախկինում պատանդներ էին Աբխազիան ու Հարավային Օսիան, ապա այժմ դա Սամցխե-Ջավախքն է, ուր իրավիճակը կարող է սրվել այն բանից հետո (տեքստում շարունակությունը գրված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, Սաակաշվիլին նկատի է ունեցել այս տարվա հունվարին ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին բանտից ազատ արձակելը, ինչը Սաակաշվիլին որակել էր որպես «վրացական պետականության առջև կատարված հանցանք» – 168.am):

Եթե Ռուսաստանին էլեկտրաէներգիան անջատելու, տնտեսության կործանման, շրջանը պայթեցնելու և դեպի Եվրոպա ճանապարհը փակելու լծակներ ես տալիս, ապա Վրաստանը կվերածվի գավառական բռանպետությամբ երկրի: Եթե Վրաստանում չմնա ժողովրդավարություն, այլակարծություն, անկախ  ԶԼՄ-ներ, անկախ դատարաններ, չլինեն քաղաքական բանավեճեր, Վրաստանը չձգտի դեպի Եվրոպա և նրան մնա միայն մեկ ուղի` դեպի Ռուսաստան, ապա …»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս