Medicare-ի հայաստանյան տարբերակը. հիվանդները չեն ստանում հասանելիք դեղերը, սակայն նրանց քարտերում կեղծ գրանցումներ են կատարվում

168.am-ի ընթերցողներից մեկը բողոքում է Երևանի 4-րդ պոլիկլինիկայում կատարվող անօրինություններից: Կենսաթոշակառու Ալբերտ Աբգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ որոշ հիվանդներ պետության կողմից անվճար տրվող դեղերը չեն ստանում, սակայն հիվանդների քարտերում կատարվում են կեղծ գրանցումներ:

«4-րդ պոլիկլինիկայի դեղաբաշխման գործը ղեկավարում է բուժգծով տեղակալ տիկին Միրաքյանը, որտեղ գործերը էլ ավելի խայտառակ են: Դեղամիջոցներ ստանալիս ստեղծում են արհեստական խառնաշփոթ, որի պատճառով հիվանդներից շատերը չեն ստանում հասանելիք դեղերը, սակայն հիվանդների քարտերում կեղծ գրանցումներ են կատարում: Իմ հասանելիք դեղերը ստանալու համար երբ մտա բժշկուհի Չոբանյանի մոտ, տեսա ահավոր տեսարան`գրասեղանի վրա անկանոն դրված էին հիվանդների հարյուրավոր քարտեր, րոնց մեջ տիկին Չոբանյանը գրանցումներ էր կատարում: Ի՞նչ է դա նշանակում` հարցրի ես: Բուժքույրը կողքից ասաց, որ իրենց չնչին աշխատավարձ են տալիս, սակայն Միրաքյանը ստիպում է կեղծ գրանցումներ կատարել հիվանդների քարտերի մեջ»,- պատմեց կենսաթոշակառու Ալբերտ Աբգարյանը: Վերջինս բողոքում էր նաև պոլիկլինկայի հիգիենիկ պայմաններից. «Զուգարանների գարշահոտությունը մեղմելու համար բացում են պատուհանները, որի պատճառով դրսի և ներսի ջերմաստիճաններ հավասարվում են: Այս հակահիգիենիկ պայմաններում բուժհաստատությունները իրավունք չունեն հիվանդներ ընդունել, ակամա հիշեցնում է մութ ու ցուրտ տարիները»: Կենսաթոշակառուն նաև հայտնեց, որ կանոնավոր չեն գործում ռենտգեն կաբինտը և լաբորատորիան:

168.am-ը նշված տեղեկությունները փորձեց ճշտել պոլիկլինիկայից: Բուժհաստատության ղեկավար կազմը չցանկացավ պարզաբանումներ տալ`հորդորելով հարցերն ուղղել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանին:

168.am-ի հարցմանն ի պատասխան`քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը հերքել է կենսաթոշակառուի տրամադրած տեղեկությունները, նշել, որ թիվ 4 պոլիկլինիկայում դեղաբաշխման գործընթացը կազմակերպվում է առանց խոչընդոտների: «Վերոնշյալ բուժհիմնարկում դեղաբաշխման գործընթացը իրականացվում է գլխավոր բուժքրոջ կողմից։ Այդ գործընթացը կազմակերպվում է նորմալ, առանց որևէ արհեստական խնդիրներ առաջացնելու, գրանցամատյաններում առկա է լիարժեք տեղեկատվություն  դեղորայքի  շարժի վերաբերյալ։ Յուրաքանչյուր դեղորայքի համար առկա է հիվանդի  ստորագրությունը և տվյալ դեղորայքի դուրս գրման հիմնավորումը համապատասխան ամբուլատոր քարտում»,- մասնավորապես ասված է քաղաքապետարանի պատասխան նամակում։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից նաև տեղեկացրել են, որ Ռենտգեն կաբինետը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև  ժամը 16։00,իսկ լաբորատորիան ՝ մինչև  ժամը 13։00։ Ավելացնենք, որ պոլիկլինիկայի հիգիենիկ պայմանների վերաբերյալ հարցին քաղաքապետարանը չի պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս