Րաֆֆի Հովհաննիսյանը «բարև-երթ» անցկացրեց և իր համախոհներին ուղարկեց իրենց ընտանիքների գիրկը (տեսանյութ)

Ազատության հրապարակից, որտեղ քիչ առաջ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, «Ժառանգության» առաջնորդն ու իր համակիրները շրջեցին մայրաքաղաքի փողոցներով՝ բարևելու քաղաքացիներին:

Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ երթի նպատակը «բարևն է, որի մեջ արև կա, ուժ կա, սեր կա, իրավունք»: 168.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք մարզային այցելությունները, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանը վաղվանից պատրաստվում է իրականացնել, ևս «բարև-երթե՞ր» են լինելու, թե՞ հանրահավաքներ, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հավաքներ կլինեն: Բայց սա երթ չէ, սա իմ բնական վիճակն է: Իսկ ես իմ բնական վիճակից չեմ ելնելու: Հայաստանի քաղաքացին թող վարժվի, որ առաջիկա հինգ տարին իր ծառայողը պետք է քայլի իրեն և մեզ պատկանող փողոցներով»:

Ր. Հովհաննիսյանն ու իր համակիրները երթով քայլեցին Հյուսիսային պողոտա-Ամիրյան-Մաշտոցի պողոտա երթուղով ու վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ, «Ժառանգության» ղեկավարին սպասում էին հարյուրավոր քաղաքացիներ: Ամբողջ ընթացքում երթի մասնակիցները երգում էին, վանկարկում «Րաֆ-ֆի, նա-խա-գահ» ու կոչ անում միանալ իրենց:

«Այս պայքարն ապագայի համար է: Մեր պայքարը տևական է, չի մարելու: Թող ոչ մեկն իր կաբինետում նստած չհավատա, որ մեր իրավունքի պայքարը մարելու է»,- նշեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նաև ոստիկաններին, ովքեր ապահովեցին երթի մասնակիցների անվտանգությունը. «Ուշ իմանալով «բարևի» մասին՝ ոստիկաններն ուղեկցեցին մեզ հրապարակ, ու վստահ եմ, որ այս մեր պայքարի ավարտին մենք մի ազգ, մի պետություն կդառնանք, մի հզոր բռունցք: Կեցցե՛ք դուք, որ որոշեցիք, որ հայ մարդն ունի հայրենիք»:

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովհաննիսյանը բարի գիշեր մաղթեց հավաքվածներին ու կոչ արեց գնալ «ընտանիքների մոտ, հանգստանալ, սուրճ խմել, բայց հետ չկանգնել համազգային պայքարի մտադրությունից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում

Տեսանյութեր

Լրահոս