Ներկայացել է կանադահայ բժիշկ ու գումար հափշտակել

Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ Աբգար Շադոյանը, որը 2012թ. հուլիսին հեռախոսազանգի միջոցով ծանոթացել է Անի Թորոսյանի հետ, մեղադրվում է բավական ուշագրավ դրսևորմամբ մի խարդախության համար:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա Ա. Թորոսյանի հետ ծանոթանալով, նախ ներկայացել է որպես կանադահայ բժիշկ Եպիսկոպոսյան և խոսել արևմտահայերենով: Մի քանի հեռախոսազանգերի ընթացքում Ա.Շադոյանը մտերմացել է Ա. Թորոսյանի հետ և օգտվելով վերջինիս լավ վերաբերմունքից, 2012թ. օգոստոսի 1-ին Երևանի Ա.Մանուկյան փողոցում նրա վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, վերադարձնելու պայմանով Ա.Թորոսյանից հափշտակել է 163 000 դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար և 60 000 դրամ: Հիշյալ արարքի համար Ա. Շադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի վերոնշյալից, Աբգար Շադոյանը նույն քրեական գործի շրջանակներում մեղադրվում է նաև Քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, այսինքն` ավազակության համար, որը նույնպես ոչ սովորական դրսևորում է ստացել` կիրառված հանցագործության գործիքի տեսանկյունից:

Աբգար Շադոյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2012թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 23-ի սահմաններում, Երևանի Շարուրի փողոցի թիվ 28/2 շենքի բակում, կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է` էլեկտրահարող սարքի գործադրմամբ ավազակային հարձակում է գործել իր ծանոթ Արա Ավետյանի նկատմամբ և պահանջել նրա մոտ եղած 1 625 000 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել: Առաջացած փոխադարձ քաշքշուկի ընթացքում Ա.Ավետյանը ստացել է աջ դաստակի, աջ արմնկահոդի շրջանների քերծվածքների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Իրեղեն ապացույցների թվում է նաև Ա.Շադոյանի ներկայացրած էլեկտրահարող սարքը` 4 փաթեթներում:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս