Ոստիկանները բռնություն կիրառեցին բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութեր)
Ինչպես արդեն հայտնել ենք, մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին նախաձեռնել ԵԱՀԿ/ԺՄԻԳ երևանյան գրասենյակի առջև: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստան ժամանած միջազգային դիտորդներից հեռանալ երկրից, և իրենց պահանջը հիմնավորում էին ԵԱԿՀ զեկույցի մեջ նախագահական ընտրություններում տեղի ունեցած խախտումների չարձանագրման հանգամանքով:
Սակայն, նախատեսված խաղաղ ակցիան, ինչպես ամբողջ ընթացքում պնդում էին նախաձեռնողները, անցավ հրմշտոցներով ու փոխադարձ վիրավորանքներով՝ ակտիվիտների ու ոստիկանների միջև:
Ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, զգուշացրին երիտասարդներին՝ մեջբերելով «Հավաքների ազատության մասին օրենքի» 19-րդ հոդվածը՝ հեռավորություն պահպանել ԵԱՀԿ գրասենյակից ու ակցիան իրականացնել Բաղրամյան փողոցի դիմացի հատվածում: Սակայն նախաձեռնողները չհամաձայնեցին պահանջին, ինչն ավարտվեց ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցների հանդեպ բռնության կիրառմամբ:
Վերջիններս ոչ միայն ակտիվիստներին, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրելով ու ոմանց գետնին տապալելով, գրասենյակից հասցրին մինչև Չեխովի անվան դպրոց, որտեղ այդ պահին դուրս եկած աշակերտներն ահաբեկված էին՝ կատարվածը տեսնելով:
Դպրոցից մի փոքր ներքև, մոտ կես ժամ ակտիվիստներին շրջապատել էր ոստիկանական ջոկատ, ու արգելում էր շարժվել դեպի գրասենյակ: Մասնակիցները պնդում էին, որ ոստիկանները խախտում են քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, իսկ ոստիկաններն էլ, իրենց հերթին, պնդում էին հակառակը:
Մոտավորապես երեք ժամ տևած երկար բանակցություններից ու քաշքշուկից հետո ոստիկանները մասնակիցներին թույլատրեցին բարձրանալ գրասենյակի առջև: Ակտիվիստները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի ներկայացուցիչ Ռոբին Սիվորդին հանձնեցին 2 պարկ աղբ ու ընտրակեղծիքներն արձանագրող փաստեր:
Բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ԵԱՀԿ գրասենյակի աշխատակիցներին Հայաստանի նման ընտրություններ մաղթեցին: Նրանք գրասենյակի առջև պարեցին երգչուհի Լիլի Ալենի «Fuck you» կատարման հնչյունների տակ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում: