Ր.Հովհաննիսյանին ձայն են տվել աղանդավորներն ու համասեռամոլները. Հ.Բաբուխանյան

Առաջին ընտրություններն էին, որ ԶԼՄ- ները անաչառ էին գործում, հավասար էին գովազդները և քարոզչական պաստառները, և ոչ մի թեկնածու առավելություն չուներ: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարել է ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը` անդրադառնալով նախագահական ընտրությունների արդյունքներին:

Հ. Բաբուխանյանը համոզմունք է հայտնել, որ այս ընտրությունններում հաղթանակ է տարել ժողովուրդը: Պատգամավորը չի համաձայնել հնչող տեսակետերին, թե ընտրությունները ոչ մրցակցային են եղել և առկա է եղել վախի մթնոլորտ:

Լրագրողների դիտարկմանը` Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մասին, ովքեր բողոքում են ընտրակեղծիքների դեմ` Հայկ Բաբուխանյանը պատասխանել է, որ սա ևս ժողովրդավարության դրսևորման ձև է:

Ըստ Բաբուխանյանի` ընտրությունների արդյունքները չեն որոշում այդ մի քանի հազար մարդիկ, այլ որոշում է ԿԸՀ-ն. իհարկե որոշ մարդիկ դժգոհ են, որ իրենց նախընտրած թեկնածուն չի ընտրվել, սակայն չի կարելի առաջնորդվել մարդկանց դժգոհություններով:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկողներին, Հ. Բաբուխանյանը հայտարարել է, որ նրան ձայն են տվել աղանդավորներն ու համասեռամոլները:

«Նրանք, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, չեն գիտակցել, թե ինչպես են վտանգել Հայաստանը: Սա իրականում բախում էր ազգային պահպանողական գաղափարախոսության, որի կրողը Սերժ Սարգսյանն է, արևմտամետ լիբերալ գաղափարախոսության միջև: Լավագույն բանը, որ Րաֆֆին կարող է անել` իր վրա ընկած Քաջ Նազարի բախտը ճիշտ օգտագործելն է: Եվ մի մոռացեք, թե ոնց նա գնաց Ծոմակ կոչեցյալի որջը, որ աջակցի նրան»,- հայտարարել է Հ. Բաբուխանյանը։

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս