Բաժիններ՝

Ռուբեն Հախվերդյան. «Հանցագործ շղթան և կոռուպցիան Սերժ Սարգսյանի հետ կապ ունեն». մամուլ

«Aravot.am-ը սիրված արվեստագետ, հեղինակ- կատարող Ռուբեն Հախվերդյանին հարցրեց՝ ի՞նչ կարծիքի է 2013-ի նախագահական ընտրությունների մասին: Նաև նշեցինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքում ժողովուրդն իր «Սարերի քամին» երգի տակ էր պարում»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.

«Նա ասաց, որ հանրահավաքին չի մասնակցել, որովհետև մի քանի հեղինակ – կատարողների հետ Լաչինում համերգի էր. «Էդ մարդիկ էնքա՜ն զրկված վիճակում են էնտեղ, բայց, իհարկե, զանգ էի տալիս, տեղեկություններն ունեմ, գիտեմ, որ Րաֆֆին անցել է օբյեկտիվորեն:

Ես մտերիմ եմ մեր էկոլոգների հետ, նրանք էլ առանձին ցույց էին անում, ցավոք, նրանց ցույցին էլ չկարողացա մասնակցել: Ես հիմա պատկերացնում եմ Սերժ Սարգսյանի վիճակը, ախր ինքը գիտի, որ չի անցել, դրանից հետո ո՞նց պետք է, այսպես ասած, նախագահի էս երկրում»:

Մեր հարցին՝ կարծում է, որ Սերժ Սարգսյանի և ժողովրդի միջև բոլոր կամուրջները այրվե՞լ են, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Ախր վաղուց այրված էին, ինչքա՞ն կարելի է էս կապիկությանը դիմանալ: Հասկացանք՝ կեսն ասում է հետևում ռուսներն են, մյուսի մասին այլ բան են ասում: Լա՛վ, մեր ժողովուրդն իր խոսքը պիտի չունենա՞, մենք ի՞նչ անկախ երկիր ենք»:

Իսկ հետևե՞լ է թեկնածուների քարոզարշավին, ծանո՞թ է նրանց ծրագրերին: Արվեստագետն ասաց, որ չի հետևել, ու չի էլ գնացել ընտրելու. «Իմ կարծիքով՝ Րաֆֆին էլ մի սարի լալա չէ, բայց մարդն ընտրվել է օբյեկտիվորեն: Ի դեպ, ես միշտ հարցազրույցներում ասել եմ՝ ով ուզում է լինի, բացի Սերժ Սարգսյանից, որովհետև էդ հանցագործ շղթան և կոռուպցիան անմիջականորեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունի: Ինչպե՞ս պետք է պայքարի ինքն իր դեմ»:

Ինչ վերաբերում է 5000 դրամով ձայները վաճառելուն, մեր զրուցակցի խոսքով. «Դա տգիտության և հետամնացության նշան է, էդ մարդիկ էնքա՜ն հուսահատված են, որ մտածում են՝ էսպես թե էնպես, Սերժն է անցնելու, բայց էդ ո՞վ է ասել, է՞… Ապացուցվեց որ էդպես չի, վերջապես մի քիչ հպարտացա էդ ժողովրդով, որ ճորտի պես չի կանգնել: Գյումրեցիներն ապացուցեցին, որ էդ քաղաքը գոյություն ունի և մայրաքաղաքը, ըստ էության,Գյումրին է, Երևանն էլ էս անգամ ապացուցեց, որ վերջապես Երևանն էլ է քաղաք՝ Երևանում էլ է Րաֆֆին հաղթել»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս