Բաժիններ՝

4-րդ փորձը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյնը թերթի խմբագրականում գրում է. «1996-ից սկսած՝ նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում կեղծվել են: Այս վերջինը՝ նույնպես: Պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած բոլոր թեկնածուները (բացի 1998-ին Կարեն Դեմիրճյանից) հայտարարել են, որ ընտրություններում հաղթել են հենց իրենք՝ հավաքելով 60, 70 կամ 80 տոկոս՝ չնայած այդ պնդումները ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, որովհետև այն քվեաթերթիկները, որոնք հայտնվել են քվեատուփերում ընտրակաշառքների և կրկնակի քվեարկությունների արդյունքում, չեն արտացոլում իրական պատկերը:

1996-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմնակիցները վանկարկում էին՝ «Վազգեն, նախագահ», 2003-ին՝ «Դեմիրճյան», 2008-ին՝ «Լևոն, նախագահ», հիմա՝ «Րաֆֆի, նախագահ»:

Առաջին երեք դեպքերում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կազմակերպել էին բազմամարդ հանրահավաքներ, սակայն իրենց վերջնական նպատակին չէին հասել՝ իշխանափոխություն տեղի չէր ունեցել:

Այժմ չորրորդ փորձն իրականացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ընտրել է իր ոճը և իր մարտավարությունը: Նրանք, ովքեր նախորդ անգամները փորձել են ու հաջողության չեն հասել, կարող են, իհարկե, գնահատականներ և խորհուրդներ տալ, բայց չեն կարող, ինձ թվում է, ծաղրել և նսեմացնել այն մեթոդները, որոնք ընտրել է այս քաղաքական գործիչը:

Եթե, ենթադրենք, Ազգային ժողովի ցանկապատը և խորհրդարանի ղեկավարների գլուխները ջարդելը չի հանգեցրել ժողովրդավարության և օրինականության հաստատմանը, ապա Վազգեն Մանուկյանը կամ Արշակ Սադոյանը, ըստ երևույթին, չպիտի Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տան նույնպես ինչ-որ բան ջարդել:

Այո, ընդդիմության ներկայիս առաջնորդը բոլորովին այլ մշակույթի կրող է, նա հարգանքով է խոսում գործող նախագահի մասին, նա ներողություն է խնդրում ոստիկանից, որի հետ վեճի էր բռնվել, նա հանդիպում է նախագահի հետ և հարցնում է վերջինիս կնոջ որպիսությունը:

Անձամբ ինձ այդ՝ Հայաստանի համար ոչ ստանդարտ ոճը դուր է գալիս, այն ինձ թվում է ավելի պետականամետ և քաղաքակիրթ: Եթե չի ապացուցվել, որ ջարդել-փշրելը, հայհոյելը, պիտակավորելը, ամեն թփի տակ «դավաճաններ» և «ծախվածներ» ման գալը ավելի արդյունավետ է «սահմանադրական կարգը հաստատելու» տեսանկյունից, ուրեմն նախագահի ընդդիմադիր թեկնածուից դա պահանջելը այնքան էլ տրամաբանական չէ:

Իհարկե, տարբերվում է նաև գործող նախագահի վարքը: Նա չի տառապում ֆրեյդիստական բարդույթներով, որոնք կստիպեին իրեն ամեն մի առիթով ցուցադրել սեփական ուժը, նա չունի այնպիսի պաշտպանության նախարար, որը որոշում է պետության և ընտրությունների ճակատագիրը:

Թե ինչպես է հանգուցալուծվելու հետընտրական այս լարվածությունը՝ ես չգիտեմ, ու դա, ճիշտն ասած, ինձ համար ամենակարևոր հարցը չէ: Շատ ավելի էական է, որ այս պահին շանս կա, որ այդ հանգուցալուծումը կլինի առանց բռնությունների, ռեպրեսիաների և հասարակության երկփեղկվածության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս