«Էն 500 հազար քաղաքացիները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, ինչո՞ւ Ձեզ չեն հուզում». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Վարդգես Գասպարին պառկել էր Բաղրամյան 26-ի մուտքի մոտ: Aravot.am-ը նրանից հարցրեց, թե այս անգամ ինչն է պառկելու նպատակը: «Ես ուղղակի ուզում եմ անցնել մայթը, ոստիկանները խոչընդոտում են իմ այդ տարրական իրավունքը: էլ ի՞նչ իրավունքների պաշտպանման մասին է խոսքը: Ի՞նչ հիմքով են խոչընդոտում իմ՝ մայթով անցնելու իրավունքը, երբ ես որևէ օրենք չեմ խախտում»:
Մենք նաև ոստիկանության փոխգնդապետից հետաքրքրվեցինք, թե իր սիրտը չի՞ ցավում ՀՀ քաղաքացու առողջության համար: «Ցավում է»,- պատասխանեց նա՝ ասելով, որ ինքը ծառայություն է իրականացնում, որի շրջանակներում իրավունք ունի որոշ չափով սահմանափակել քաղաքացիների իրավունքները:
Մի անցորդ բժիշկ մոտեցավ Գասպարիին և խնդրեց վեր կենալ. «Կմրսես, կսառես, ախր պառկելով ի՞նչ հարց պիտի լուծես, վե՛ր կաց»: Գասպարին չհամաձայնեց. «էն 500 հազար քաղաքացիները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, ինչո՞ւ Ձեզ չեն հուզում»:
Գասպարին նաև ասաց, որ իր քաղաքական հայացքները չեն փոխվել, և ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն չի տվել, բայց փաստ է, որ կեղծվել են ընտրությունները»: