Վարդան Ղուկասյան – Սամվել Բալասանյան հակամարտությունը դեռ շարունակվում է. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև դեռ շարունակվում է սառը հակամարտությունը: Ու թեև Ղուկասյանը հրապարակավ հայտարարում է, թե իշխանությունից պաշտոն չի ուզում, բայց քողարկված ձևով պայքար է տանում իր երբեմնի աթոռի համար:
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ մինչ նախագահական ընտրությունները Գյումրիում գրադարանավարների, Մուշ-2 թաղամասի և «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի բանվորների կողմից արված բողոքի ակցիաները ներքին կարգով կազմակերպել է Վ. Ղուկասյանը: Նպատակը եղել է քաղաքացիների աչքից իշխանությանը գցելը:
Տեսակետ կա, որ Գյումրիում Սերժ Սարգսյանի պարտությունը ևս Ղուկասյանի սրտով է եղել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ղուկասյանին, սակայն Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ ներկայացողը հարցը լսելուց հետո զայրացավ ու մի շարք վիրավորանքներ տեղալով՝ անջատեց հեռախոսը: Ամեն»: