Բաժիններ՝

SS-ի ռադիստից մինչև միլիարդատերը. ինքնասպան է եղել Metro Group-ի հիմնադիրը

Գերմանիայում 89 տարեկան հասակում վախճանվել է Metro Group-ի հիմնադիրներից մեկը՝ Օտտո Բայսհայմը։

1960-ական թվականների նա երկրի մանրածախ շուկայում իսկական հեղափոխություն արեց՝ գերմանացիներին ներկայացնելով մանրամեծածախ առևտրի ձևաչափը։

Բայսհայմը ամենագաղտնապահ միլիարդատերերից մեկն էր. նա անգամ ճանապարհորդում էր ուրիշի անունով։

 

Դա զարմանալի չէ, եթե նկատի ունենանք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայում Waffen-SS-ի զորքերում, և այդ ժամանակների հիշողությունները մշտապես հետապնդում էին նրան։ Ըստ Bloomberg-ի, Բայսհայմը ներգրավված էր SS Leibstandarte-ի առաջին դիվիզիայում (որն ապահովում էր Հիտլերի անձնական անվտանգությունը)։ Սակայն Բայսհայմն այնտեղ ընդամենը ռադիստ էր և դիսպետչեր։ Երբ պատերազմն ավարտվեց, նա ընդամենը 21 տարեկան էր։

1960-ականներին Բայսհայմը այցելեց ԱՄՆ, որտեղ ծանոթացավ մանրամեծածախ առևտրի սկզբունքներին։ Վերադառնելով Գերմանիա՝ նա Schmidt-Ruthenbeck ընտանիքի և Franz Haniel & Cie ընկերության հետ համատեղ հիմնեց Metro ընկերությունը և բացեց մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջին խանութը։

Metro-cash

 

Առևտրի նոր մեխանիզմը դուր եկավ գերմանացիներին և Metro Cash & Carry սուպերմարկետների քանակը սկսեց աճել՝ տարածվելով Գերմանիայի սահմաններից դուրս։

2012 թվականին Բայսհայմի կարողությունը Forbes-ը գնահատում էր 3.3 միլիարդ դոլար։ Նա Գերմանիայի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում էր 22-րդ տեղը։

ԶԼՄ-ները գրում են, որ միլիարդատերը ինքնասպան է եղել անբուժելի հիվանդության պատճառով։ Նրա կարողությունը բաժին կհասնի երկու հիմնադրամի. Բայսհայմը ժառանգներ չի թողել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս