«Րաֆֆի Հովհաննիսյան, կամ տեր ես Սերժ Սարգսյանի դեմ քվեարկած մարդկանց, կամ էլ՝ Սերժ Սարգսյանն է քո տերը»
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձյանություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանից հստակ դիրքորոշում է ակնկալում:
«Րաֆֆի Հովհաննիսյան՝ կա’մ տեր ես Սերժ Սարգսյանի դեմ քվեարկած մարդկանց, որը միգուցե ավելի շատ է, քան պաշտոնական թվերը, կա’մ էլ Սերժ Սարգսյանն է քո տերը: Րաֆֆի, խաղացել ես այդ խաղը, մինչև վերջ խաղա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:
Նա պնդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հստակ ձևակերպի իր հայտարարությունը՝ զերծ մնալով լղոզված ձևակերպումներից: «Րաֆֆին հստակ պիտի ասի՝ կեղծվե՞լ են ընտրությունները ու ազդե՞լ է արդյունքի վրա, ինքը չի՞ ճանաչում ընտրությունները, հստակ պիտի ասի»,- նշեց Արամ Հարությունյանը:
168.am-ի այն հարցին՝ Ձեր կարծիքով, կեղծվե՞լ են ընտրությունները, թե՞ ոչ, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ինֆորմացիայի առումով, ինքը թեկնածու է, վստահված անձինք է ունեցել, ինքն ավելի ինֆորմացված է, ինքը պետք է հայտարարի»:
Արամ Հարությունյանի կարծիքով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ դիրքորոշմամբ հանդես չգա, կոչնչանա քաղաքականապես, և կպարզվի, որ իր տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը դեկորացիա է այս ընտրություններում՝ իրավացի էր: Արամ Հարությունյանը հակված է մտածելու, որ հենց այս տարբերակն էլ կյանքի կկոչվի:
«Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ամպագոռգոռ, հայրենասիրական բաներ կասի, հետո կամ շնորհավորի, կամ կիսալղոզած կշնորհավորի»,- կանխատեսեց Արամ Հարությունյանը: Վերջինս ասաց, որ եթե տեսնի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ դիրքորոշում է արտահայտում և պատրաստ է շարունակել իր պայքարը, կկանգնի նրա կողքին, սակայն խնդիրն այն է, որ կասկածներ ունի՝ կվարվի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես:
Նախագահի նախկին թեկնածուն կարծում է, որ Սերժ Սարգսյանն իրականում 50 տոկոս չի հավաքել: Նա շեշտեց, որ այն ձայները, որոնք ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, Սերժ Սարգսյանին դեմ արտահայտվողների քվեներն են: Նրա խոսքով, եթե ընտրապայքարում մնային Սերժ Սարգսյան ու էպոսագետ Վարդան Սեդրակյանը, դարձյալ Սերժ Սարգսյանը չէր հավաքի այդքան ձայն:
Հ.Գ. Այս զրույցը տեղի էր ունեցել մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեացած հրապարակային ասուլիսը, ուստի դրանից հետո Արամ Հարությունյանին հարցրինք, թե արդյո՞ք հետևել է Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին և արդյոք իր համար հստա՞կ էին նրա ձևակերպումները:
«Ինքը ի՞նչ է ակնկալում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից: Ինքը նույնիսկ չի ուզում ասել, որ՝ ես եմ հաղթել, ասում է՝ հայ ժողովուրդն է հաղթել: Սերժ Սարգսյանն էլ է ասում, որ հայ ժողովուրդն է հաղթել»,- ասաց նախագահի նախին թեկնածուն: Արամ Հարությունյանը նշեց, որ այն հանգամանքը, որ խոստացված հանրահավաքը վերածվեց մամուլի ասուլիսի՝ արդեն իր համար պարզ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է «նահանջ երգով»: