«Այս իրավիճակով սխալ կլինի շնորհավորելը». Հովհաննես Իգիթյան
«Առաջինը՝ ես ուզում էի լսել Րաֆֆի Հովհաննիսյանին, մարդ, որն այս ընտրությունների ֆենոմենն է: Ես ուզում էի լսել, թե ինչպե՞ս է ինքը արդարացնելու այս իրողությունը: Ի վերջո, բոլորին հայտնի է և իրեն էլ, որ հերթական անգամ ընտրությունները կեղծված են թե’ պետական ռեսուրսներով, թե’ փողով, թե’ ճնշումներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, ում հանդիպեցինք «Ազատության» հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին:
Հովհաննես Իգիթյանը նշեց, որ իր համար հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, ով իր ամբողջ ընտրարշավը տանում էր քաղաքակիրթ ձևով՝ ի՞նչ պետք է ասի: Մեր հարցին, թե, ըստ Ձեզ, ի՞նչ ելք առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանն այս հավաքի ընթացքում, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Առայժմ, կարծում եմ, որ ինքն էլ ելք չի տեսնում, բայց մի հանգամանք ոչ ոք չի կարող ժխտել՝ հասարակության մեծամասնությունը չի ուզում այս իշխանություններին: Սերժ Սարգսյան, դու ինչպե՞ս ես պատկերացնում առաջ տանել երկիրը, երբ ազգը քեզ չի ուզում»:
Հովհաննես Իգիթյանը նշեց, որ «Ժառանգությունը» ռեսուրսի պակաս ուներ հանձնաժողովներում, սակայն այն տեղեկությունները, որոնք կան, բավարար են, որպեսզի ընտրությունները չեղյալ համարվեն:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը նման կոչով հանդես գա, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ կանի, բայց ես չեմ ուզում հետագա անելիքները կապել մի անհատի հետ: Հարցն այն է, թե ի՞նչ պետք է անեն մյուս ընդդիմադիր ուժերը, իշխանությունը և հասարակությունը: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է, երբ ժողովուրդն իր ընտրությունը մի ձևով է արտահայտվում, բայց այլ ձևով է ներկայացվում»:
Դիտարկմանն էլ, թե շատերը մտավախություն ունեն, որ առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ, և դրանով ամեն ինչ կավարտվի, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ չպետք է շնորհավորի: Ես կուզեի, որ այդպիսի ընտրութհուններ լինեին, և մեկը մյուսին շնորհավորեր, բայց այս իրավիճակով սխալ կլինի շնորհավորելը: Կեղծիքներով ձայներ հավաքած թեկնածուին սխալ է շնորհավորելը»: