Րաֆֆի Հովհաննիսյանը «սանձարձա՞կ» է

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև վաղը ժամը 17:00-ը ինքը սպասում է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ «Սերժ Սարգսյանը պետք է շնորհավորի հայ ժողովրդի հաղթանակն ու իրեն»:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, թե, ըստ հայկական սցենարների՝ երկրորդ տեղի թեկնածուն, միշտ նման «սանձարձակությունների է գնում»:

Մեր հարցին, թե նման հայտարարությունն անելը սանձարձակությո՞ւն է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բնականաբար: Թաքնված բնավորություն է: Մենք տարիներ շարունակ ճանաչել ենք իրեն ու մտածել ենք, որ բարեկիրթ է: Բայց, ըստ երևույթին, նախագահ լինելու մոլուցքը մարդկանց հունից հանում է ու դարձնում սանձարձակ»:

Գալուստ Սահակյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը լուրջ քննարկման ենթակա չէ և դրա մասին, ՀՀԿ փոխնախագահի խոսքով, կարելի է խոսել միայն ժպիտով, ծիծաղով և սարկազմով: «Միշտ պետք է մտածեք, բնության մեջ նույնպես այսպես է, որ թույլերը դառնում են սանձարձակ, երբեմն՝ անվախ, բայց պարտվում են անդարձ»,- շեշտեց Գ. Սահակյանը:

Կարդացեք նաև

Մենք հետաքրքրվեցինք, թե այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջարկը չե՞ք քննարկելու, Գալուստ Սահակյանը զարմացավ. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում, հանրապետականը մանկական խաղերին ենթակա՞ է: Եթե ամեն մեկը փորձի խաղեր անել Հայաստանում, մենք խաղավարի պաշտոնը երբեք չենք վերցնի»:

Հիշեցնենք, որ ինչպես արդեն տեղեկացրել էինք, Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց. «Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին և առաջին հերթին գործող նախագահ Սերժ Սարգսյանին. ինքը կմնա պատմության գրքերում և ինքը մեծ ծառայելիք ճանապարհ ունի մեր ժողովրդի նկատմամբ ապագա տարիների ընթացքում։ Բայց հենց ինքն է առաջին նախագահը 20 տարվա ընթացքում, որ այսօր արդեն պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է:

«Ոչ թե Րաֆֆին հաղթել և Սերժը` պարտվել, այլ հայ ժողովուրդը ազգ է դարձել և պետություն։ Եվ հենց Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել, որ Հայաստանը արժանի է դե յուրե նախագահության։ Ես այլևս հորդորով հանդես չեմ գա։ Պարզապես ասում եմ` ով խեղում է հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու ձայնը` պատասխան է տալու»:

Տեսանյութեր

Լրահոս