
ՀՀ նախագահական ընտրություններն անցել են բարձր կազմակերպված մակարդակով. Ռուսաստանի ԿԸՀ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԿԸՀ-ի պատվիրակությունը կարծում է, որ Հայաստանի նախագահական ընտրություններն անցել են բարձր կազմակերպված մակարդակով: Այս մասին հայտարարել է ԿԸՀ պատվիրակության ղեկավար Սերգեյ Դանիլկոն, ով ներառված է նաև ԱՊՀ միջազգային դիտորդական առաքելության կազմում:
Դանիլկոյի խոսքերով՝ քվեարկության ժամանակ գրանցված ոչ մեծ քանակությամբ տեխնիկական թերությունները չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները. «Ընտրություններն անցել են բարձր պրոֆեսիոնալ մակարդակով:
Մենք ընդգծել ենք ընտրատեղամասերի հանձնաժողովների պատրաստվածության բարձր մակարդակը, որոնք ձևավորվում են քաղաքական բոլոր կուսակցությունների մասնակցությամբ: Ընդ որում, օրենքը նրանցից պահանջում է անպայմանորեն անցնել օրենսդրության իմացության որակավորում:
Կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը թույլ է տալիս կասկածի տակ չդնել քվեարկության արդյունքները: ԱՊՀ առաքելության ներկայացուցիչներն ընդգծել են որոշակի թերություններ, սակայն դրանք բոլորն էլ ունեցել են տեխնիկական բնույթ և դրանք ոչ մի կերպ չեն ազդել քվեարկության ընթացքի վրա:
Հայաստանում առաջին ընտրություները չէ, որ կիրառվում է անհետացող թանաքով անձնագրերում կնքելու պրակտիկան, ինչն արվում է նրա համար, որ նույն անձը չկարողանա քվեարկել երկու անգամ: Կնիքն անհետանում է ոչ թե անմիջապես, այլ՝ որոշ ժամանակ անց»: