Սարգսյանի նախագահության նոր շրջանում Հայաստանը կմիանա Եվրասիական միությանը. CNN Türk

CNN Türk-ի կայքում հրապարակվել է «Հայաստանում վերստին Սարգսյանի ժամանակաշրջանն է» խորագրով հոդված՝ նվիրված երեկ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին.

«Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով հավաքել է քվեների 58.64 տոկոսը: Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ հնգամյա ժամկետով կպաշտոնավարի Հայաստանի նախագահի պաշտոնում: Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 60 տոկոսը, ինչը վկայում է դրանց նկատմամբ հասարակական ոչ մեծ հետաքրքրության մասին:

Դժվար չէ կանխատեսել, որ Սարգսյանի նախագահության նոր ժամանակաշրջանում Հայաստանն էլ ավելի սերտորեն է համագործակցելու Ռուսաստանի հետ, ինչը հատկապես վերաբերում է անվտանգության ոլորտին: Այդ մասին է վկայում նաև այն, որ նախընտրական կամպանիայի ժամանակ Սարգսյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները որակեց որպես «ռազմավարական», իսկ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերությունները՝ «բարիդրացիական»:

Բացի այդ, ակնկալվում է, որ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանում Հայաստանն անդամակցելու է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական միությանը և հետխորհրդային երկրների հակահրթիռային պաշտպանության համակարգին: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, ապա Սարգսյանի նոր նախագահության ժամանակ կզգա հատկապես Ռուսաստանի աջակցությամբ, ինչն էլ քիչ հավանական է դարձնում, որ քայլեր կձեռնարկվեն այդ խնդրի կարգավորման ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս