
Ջոն Քերին Թուրքիա կայցելի մարտի 1-ին

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերին մարտի 1-ին այցելելու է Թուրքիա: Դա կլինի իր նոր պաշտոնում Քերիի առաջին արտասահմանյան պաշտոնական այցը:
Անկարայում ունենալիք հանդիպումներում Քերին քննարկելու է երկկողմանի համագործակցության հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր: Քերիի ուշադրության կենտրոնում է գտնվելու Սիրիայի հարցը, ուր գրեթե երկու տարի է, ինչ զինված բախումներ են ընթանում կառավարական ուժերի ու զինված ընդդիմության միջև:
Քերին հանդիպելու է նաև իր թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ և բարձրացնելու է ոչ վաղ անցյալում Անկարայում ԱՄՆ դեսպանատան դեմ իրականացված հարձակման հարցը: Քննարկվելու է նաև ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիային տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրներին առնչվող խնդիրներ:
Նշվում է, որ Քերին Թուրքիայից բացի, այցելելու է նաև Իտալիա, Եգիպտոս և Իսրայել: