Մահմուդ Ահմադինեժադը սպառնում է տապալել այս տարվա նախագահական ընտրությունները
Բրիտանական The Times պարբերականի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպառնացել է տապալել հերթական նախագահական ընտրությունները, եթե իր առաջադրած թեկնածու Էսֆանդիար Ռահիմ Մաշեիին թույլ չտան մասնակցել այդ ընտրություններին:
Բրիտանական պարբերականը նման եզրահանգման է եկել Ահմադինեժադի նամակից, որը հրապարակվել էր նրա պաշտոնական կայքում: Նամակում նշված է. «Եթե ընտրությունների ընթացակարգերը չենթարկվեն բարեփոխումների, իսկ թեկնածուները որակազրկվեն առանց որևէ ծանրակշիռ պատճառի, ապա ես այս ընտրությունները կդիտարկեմ որպես ապօրինի և չեղյալ կհայտարարեմ դրանք»:
Նշվում է, որ երկրի ղեկավարի պաշտոնում Մաշեիի թեկնածությանը մի շարք պատճառներով դեմ են իրանցի կրոնական պահպանողականները: Հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին և նրա դաշնակիցները վախենում են, որ Ահմադինեժադի դրածոյի կողմից նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Իրանի նախկին նախագահը կշարունակի ակտիվ դեր խաղալ երկրի քաղաքական կյանքում, իսկ 4 տարի անց վերադառնալ նախագագհի աթոռին:
Մեկ այլ վարկածով էլ՝ Մաշեին արդեն իսկ ներկայումս հանդիսանում է երկրի փաստացի նախագահը, մինչդեռ Ահմադինեժադին անվանում են նրա ձեռքում խամաճիկ:
Իրանի Սահմանադրությունը նույն մարդուն արգելում է նախագահի պաշտոնում երկու անգամ անընդմեջ ընտրվելուց հետո ևս մեկ անգամ առաջ քաշել սեփական թեկնածությունը: Դա թույլատրվում է միայն քառամյա ընդմիջումից հետո: Նախագահի թեկնածուների ցանկը հրապարակվելու է այս տարվա մայիսին:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի հունիսի 14-ին: Նախագահի պաշտոնի թեկնածուները պետք է ստանան Իսլամական հեղափոխության պահակազորի խորհրդի (հայտնի է նաև Սահմանադրության պահապանների խորհուրդ անվանմամբ) համաձայնությունը:
Այն 12 անդամից բաղկացած կառույց է, որոնցից 6-ը ներկայացնում են իսլամական հոգևորականությունը և նշանակվում են Ալի Խամենեիի կողմից, իսկ մյուս 6-ը՝ իրավաբաններ, որոնք նշանակվում են խորհրդարանի կողմից: