
Շուտով թերթաքարային գազի արդյունահանումն առաջնահերթ տեղ կզբաղեցնի Թուրքիայի տնտեսությունում. Թաներ Յըլդըզ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հուսով են երկրում հայտնաբերել թերթաքարային գազի բավականաչափ մեծ պաշարներ, որոնք կօգնեն երկրին՝ կրճատելու համար էներգակիրների ներկրումից ունեցած կախվածությունը:
Տեղի չինովնիկների խոսքերով՝ Թուրքիան արդեն իսկ սկսել է բանակցություններ վարել օտար ընկերությունների հետ՝ թերթաքարային գազի պաշարների հետախուզման գործունեության ընդլայնման շուրջ: Թուրքիայի կառավարության տվյալներով՝ երկրի տարածքում կարող են գտնվել թերթաքարային գազի խոշոր պաշարներ:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ թերթաքարային գազի արդյունահանումը կարող է փոխել էներգետիկ շուկայում խաղացողների հարաբերակցությունը՝ ընդգծելով, որ մոտ ապագայում թերթաքարային գազի արդյունահանումը առաջնահերթ տեղ կզբաղեցնի Թուրքիայի տնտեսությունում:
Նշվում է, որ Թուրքիայում թերթաքարային գազի արդյունահամբ շահագրգռված են բրիտանական, ամերիկյան ու կանադական ընկերությունները, որոնք ներկայումս փորձում են թուրքական իշխանություններից ստանալ համապատասխան լիցենզիա: Այժմ Թուրքիայում թերթաքարային գազի մշակմամբ զբաղված են անգլո-հոլանդական Shell և կանադական Trans Atlantic Petroleum ընկերությունները:
Փորձագետներն ընդգծում են, որ Թուրքիայում թերթաքարային գազի պաշարները կարող են կազմել 6-20 տրիլիոն խորանարդ մետր:
Հիշեցնենք, որ Թուրքիայում սպառված էներգիայի 70 տոկոսը բաժին է ընկնում ներկրմանը, իսկ մնացյալ 30 տոկոսն իրականացվում է տեղական պաշարների հաշվին: 2011 թվականին Թուրքիան էներգակիրների (նավթ, գազ, ածուխ) ներկրման վրա ծախսել է 54.1 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է այդ երկրի համար: