
Թուրքիան 9 ամսից տիեզերք կուղարկի TÜRKSAT-4A արբանյակը

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորել է այս տարի արբանյակ ուղարկել տիեզերք: Այս մասին հայտարարել է արբանյակային կապ տրամադրող Türksat ընկերության գլխավոր տնօրեն Օզքան Դալբայը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք նպատակադրվել են TÜRKSAT-4A արբանյակն ուղեծիր արձակել այս տարվա նոյեմբերին. «Ներկայումս արբանյակը պատրաստ է մոտ 80 տոկոսով: Արբանյակի փորձարկումներ կմեկնարկեն 3-4 ամիս անց, որոնք կտևեն 3-4 ամիս: Դրանց ավարտից հետո էլ արբանյակը Ղազախստանում գտնվող տիեզերակայանից ուղեծիր կարձակվի նոյեմբերին»:
Հիշեցնենք, որ Թուրքիան կառուցելու է իր սեփական տիեզերակայանը՝ արբանյակների արձակման համար: Այս մասին նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Չինաստանի Jiuquan տիեզերակայանից Göktürk-2 արբանյակի արձակումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայիս դրությամբ աշխարհում տիեզերակայան ունի ընդամենը 11 երկիր: Էրդողանն ընդգծել է, որ ներկայումս աշխարհի միայն 25 երկիր է արբանյակ ուղարկել ուղեծիր: Արբանյակների ստեղծումը կազմում է այն պետական ծրագրի մի մասը, որն ուղղված է սեփական արտադրության սպառազինությամբ ու հանդերձանքով սեփական բանակի կարիքների ապահովմանը: