Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պարտվել Շիրակի մարզում

«Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը պարտվել է, բայց Րաֆֆին չի հաղթել: Պարզապես ժողովուրդը իր դժգոհությունն է արտահայտել այս կերպ, այդ ձայները Րաֆֆիինը չեն, դրանք շիրակցիների դժգոհությունն են»,- galatv.am-ի հետ զրույցում, ամփոփելով ՀՀ նախագահի ընտրությունները Շիրակի մարզում, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ թեկնածուն Շիրակի մարզում պարտություն է կրել, իսկ Գյումրիում պարտվել է ձայների գերակշռող տարբերությամբ: Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

– Պարո՛ն Ավետիսյան, ո՞րն է Ձեր գնահատականը, ինչպիսի՞ն էին ընտրությունները ՀՀ-ում եւ Շիրակի մարզում:  

– Ընտրությունները շատ լավն էին, որովհետեւ շատ բարձր ակտիվություն կար, մարդիկ բոլորը իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին: Եվ դրանից լավ բան էլ ի՞նչ, մարդիկ ազատ իրենց կամքը արտահայտեցին:

Կարդացեք նաև

– Ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզում ՀՀԿ թեկնածուն պարտվեց: Ինչո՞ւ, որո՞նք էին պատճառները: Դուք հայտարարում էիք, որ Սերժ Սարգսյանը միակ ֆավորիտն էր Շիրակի մարզում:

– Ճիշտն ասած, չեմ կարող ասել պատճառները. ժամանակ չի եղել վերլուծելու բոլոր հանգամանքները, բայց սա, համենայնդեպս, նշանակում է, որ Շիրակի մարզի որոշակի բնակավայրերում՝ այդ թվում Գյումրիում, մարդկանց մոտ որոշակի դժգոհություն կա՝ որոշակի  խնդիրների հետ կապված:

Դրա համար որոշեցին ձայնը տալ մեկ ուրիշ թեկնածուի, եւ այդ ուրիշ թեկնածուն այս պարագայում եղավ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսինքն` դրանք Րաֆֆիի ձայները չեն, այլ ընդամենը մարդկանց դժգոհությունն էր որոշակի խնդիրներից: Այնպես որ, Րաֆֆիին են ընտրել, դա չի նշանակում, որ Րաֆֆիին շատ գրկաբաց են ընդունել, ուղղակի դժգոհությունն են արտահայտել հերթական անգամ իրենց խնդիրներից:

– Սերժ Սարգսյանը երեկ շնորհակալություն հայտնեց իր թիմին` լավ աշխատանքի համար: Ի՞նչ եք կարծում` Գյումրիում ՀՀԿ թիմը լա՞վ աշխատեց, թե՞…

– ՀՀԿ թիմը լավ է աշխատել, թե լավ չի աշխատել, կարծում եմ, ԳԱԼԱ-ն չպիտի գնահատի: Դա պետք է գնահատի ՀՀԿ-ի ղեկավարությունը: Որ գնահատեց, առաջինը դուք կիմանաք՝ ինչպես միշտ:

Էլի՛ եմ ասում՝ ինչքան գործ, որ արվել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղիղ հանձնարարությամբ Շիրակի մարզում, ուրիշ ոչ մի տեղ այդքան գործ չի արվել, էլի եմ ասում, էլի եմ պնդում, էլի եմ հաստատում, ու բոլորը դա շատ լավ գիտեն: Բայց, փաստորեն, էլի խնդիրներ կան, էլի դժգոհություններ կան:

Տեսանյութեր

Լրահոս