Բաժիններ՝

Թուրքիայում տարեկան իրականացվում է 130.000 հղիության արհեստական ընդհատում

МК-Турция ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հետազոտություն է անցկացրել մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացության շուրջ: Այդ հետազոտության շրջանակներում պարզվել է, որ Թուրքիայում տարեկան իրականացվում է 130.000 հղիության արհեստական ընդհատում:

Թուրքիայի սոցիալական պաշտպանության դեպարտամենտի վիճակագրական տվյալները վկայել են, որ Թուրքիայի պետական, մասնավոր ու համալսարանական կլինիկաներում իրականացվել է 70.000 հղիության արհեստական ընդհատում: Մնացյալ 60.000-ի վերաբերյալ տվյալները բացակայում են:

Դրա պատճառն այն է, որ կանայք, ցանկանալով քողարկել իրենց հղիությունը, գաղտնի կերպ արհեստականորեն ընդհատում են այն բժշկական կաբինետներում ու մասնավոր կլինիկաներում:

Հիշեցնենք, որ 1983 թվականից Թուրքիայում գործում է մի օրենք, որը կանանց թույլ է տալիս կամավոր ընդհատել իրենց հղիությունը, եթե դրա ժամկետը չի գերազանցում հղիության սկսվելուն հաջորդած 10 շաբաթը: Սակայն այդ հարցում անհրաժշետ է ամուսնու գրավոր համաձայնությունը, իսկ չամուսնացած կնոջ դեպքում՝ ծնողների համաձայնությունը։ Ավելի ուշ ժամկետով հղիության արհեստական ընդհատումները թույլատրված են վիրահատության վերաբերյալ միայն բժշկական ցուցումներից հետո:

Այժմ ցանկանում են այդ ժամկետը կրճատել մինչև 4-5 ամսվա: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է արգելել հղիության արհեստական ընդհատումը՝ երկրի բնակչության աճին զարկ տալու համար: Սակայն թուրք բժիշկները նախորդ տարի նրան են ներկայացրել իրենց պատրաստած զեկույցը, որում նշված է, որ մայրերի մահացության ցուցանիշը շատ բարձր է այնպիսի հասարակություններում, որոնցում արգելված են հղիության արհեստական ընդհատումները:

Որպես դրա վառ ապացույց՝ զեկույցում ներկայացված են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Ասիայի երկրների վերաբերյալ ապշեցուցիչ տվյալներ, որոնցում արգելված է հղիության արհեստական ընդհատումը: Տարեկան 46 միլիոն կին ընդհատակյա ենթարկվում է հղիության արհեստական ընդհատման: Դրանց 49 տոկոսն արվում է սարսափելի, կյանքի համար վտանգավոր պայմաններում:

Յուրաքանչյուր 8 րոպեն մեկ աշխարհում մեկ կին է մահանում՝ այդպիսի պայմաններում հղիության արհեստական ընդհատման պատճառով: Տարեկան այդպիսի դեպքերից մահանում է 68,000 մարդ: Եվս 5.3 միլիոն կին վարակվում է կամ ստանում է ծանր վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս