Պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել Իրանի ատոմային նախագիծը. Նեթանյահու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ վաղ անցյալում Հյուսիսային Կորեայում իրականացված միջուկային փորձարկումը որակել է որպես նոր ապացույց, որ պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել Իրանին՝ ատոմային ռումբին տիրելու ճանապարհին:
Մեկ շաբաթ առաջ Հյուսիսային Կորեան իրականացրել էր թվով 3-րդ ստորգետնյա միջուկային պայթյունը՝ չնայած նրան, որ 2006 և 2009 թվականների փորձարկումներից հետո ՄԱԿ-ը պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի հանդեպ:
Այս կապակցությամբ Նեթանյահուն Երուսաղեմում հայտարարել է. «Մի՞թե կոշտ պատժամիջոցները կանգնեցրին Հյուսիսային Կորեային: Ոչ: Նրա միջուկային պայթյունի արձագանքները Մերձավոր Արևելքում լսելի են ամենուրեք և հատկապես Իրանում: Պատժամիջոցներն ինքնաբերաբար չեն կարող կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Դրանք պետք է հավելվեն ռազմական սպառնալիքներով, որոնք հավատ կներշնչեն:
Իրանը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական ուղղվածությունը, սակայն ես կարծում եմ, որ Իրանին կանգնեցնելը թիվ մեկ առաջադրանքն է յուրաքանչյուրի համար, ով մոլորակում ձգտում է խաղաղության ու անվտանգության: Անկասկած է, որ դա թիվ մեկ թեման է, որը ես և նախագահ Օբաման այստեղ կքննարկենք առաջիկա հանդիպման ժամանակ»: