
Իսրայելն Ադրբեջանին հրահրում է ընդդեմ Իրանի

Ամերիկյան WNWI ռադիոյի փոխանցմամբ՝ չնայած Իրանի հետ պատմական ու մշակութային սերտ կապերին՝ Ադրբեջանն ընդհանուր շահեր ունի Իրանի ոխերիմ թշնամու՝ Իսրայելի հետ: Ադրբեջանը շատ քայլեր է կատարում՝ ելնելով Իսրայելի շահերից: Այսպիսի կարծիք է հայտնել Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ Ալեքս Վատանկան:
Արևմտյան փորձագետները կանխատեսում են, որ Իրանին հարվածելու դեպքում Ադրբեջանը կհայտնվի ուշադրության կենտրոնում: Վերջին շրջանում հաճախակիացել են հիշատակումներն այն մասին, թե Իսրայելն արդեն իսկ Իրանի դեմ հարված է պատրաստում Ադրբեջանի տարածքից: Պաշտոնական Բաքուն իր հերթին հերքում է այդ տեղեկատվությունը:
2005 թվականին կնքված իրանա-ադրբեջանական չհարձակման մասին պակտով Ադրբեջանը պարտավորվել է իր տարածքը չտրամադրել՝ հարևան երկրին հարվածելու համար: Սակայն Իսրայելն այլ մարտավարություն է ընտրել: Նա ոգեշնչում է «հարավային ադրբեջանցիների» անկախության ձգտումները, Ադրբեջանին հրահրում է աջակցել իր «հայրենակիցներին», ինչպես նաև հակաիրանական այլ քայլերին:
Անկախ լրագրող Նիկ Գրեյսը հայտարարել է, որ դեռ 1996 թվականին իր հեռարձակումն է սկսել «Հարավային Ադրբեջանի ձայն» ռադիոկայանը, որն ակնհայտորեն կապված է Իսրայելի հետ: Մասնավորապես նշվում է, որ այն գտնվում է Իսրայելում, ինչի համար հիմք է ծառայել այն, որ Հարավային Ադրբեջանի ձայն» ռադիոկայանի ազդանշանը հաճախ է խառնվում իսրայելական «Կոլ» ռադիոկայանի ազդանշանի հետ, իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ երկու հաղորդիչ գտնվում են միմյանցից ոչ հեռու տարածության վրա: