Ինչպե՞ս են ընտրատեղամասում խոչընդոտում լրագրողների աշխատանքը

Նորագյուղի թիվ 9/27 և 9/28 ընտրատեղամասերը տեղակայված են միևնույն շենքում: Շենքի դարպասները, բառի բուն իմաստով` օղակել էին նորագյուղցի երիտասարդները: Նրանցից քիչ հեռու գալիս, կայանում են ընտրողներին ընտրատեղամաս բերող գազելները: Մենք` լրագրողներս, ընտրատեղամասից արդեն վերադառնում էինք, երբ նկատեցինք ընտրատեղամաս եկող գազելը, ինչը ստիպեց վերադառնալ: Լրագրողների մի մասը գնաց թիվ 9/27ընտրատեղամաս, մյուս մասը` թիվ 9/28:

Մարդկանց հոսքն այնքան շատ էր ընտրատեղամասում, որ  ստիպված էի սպասել, բայց նաև տեսագրություն անել: Այնուհետ նկատեցի, որ քարտուղարը տեղում չէր և անձնագիրն ու ինչ-որ թուղթ ձեռքին` մի տղամարդու հետ դուրս էր գալիս  ընտրատեղամասից: Հետևեցի նրանց: Վերջիններս արդեն ավտոմեքենայի մեջ էին, և հազիվ հասցրեցի տեղեկանալ քարտուղարից, թե որտե՞ղ է շտապում անձնագրով` իր համար աշխատանքային ժամին:

Նա պատասխանեց, թե քվեարկության է գնում, ապա ցույց տվեց անձնագիրը: Դրանից հետո, երբ կրկին գնացի ընտրատեղամաս, հանձնաժողովի նախագահին խնդրեցի գրանցել ինձ: Վերջինս հրաժարվեց` ասելով, թե ինքն արդեն տեսել է, որ ես տեսագրել եմ, նույնիսկ հարց եմ տվել գազելով եկածներին, ի դեպ, այդ զրույցին նա միջամտեց:

«Չեմ գրանցելու, արձանագրություն եմ կազմելու»,- պնդեց հանձնաժողովի նախագահը, ում զբաղված լինելու, ինչպես նաև՝ քարտուղարի տեղում չլինելու պատճառով իմ գրանցումը ձգձգվել էր: Իսկ չգրանցելու համար նա իր հետևյալ փաստարկն ուներ, թե ես «ինչո՞ւ եմ հարց տվել ընտրատեղամաս եկած մի տղամարդու` գազելո՞վ է եկել»:

Կարդացեք նաև

Ի դեպ, այդ տղամարդն  ուղղորդում էր իր աղջկան, թե ինչպես ընտրել, և ասաց, թե ինքը շուտ է ընտրել: Երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ ընտրատեղամասից, ասացի, որ իրենք խախտել են օրենքը՝ չգրանցելով ինձ: Դրանից հետո միայն նա համաձայնեց գրանցել ինձ:

Այդ պահին հանձնաժողովի անդամներից մի կին մոտեցավ ու հրահանգեց. «Մի հատ վիդեոներդ էլ  ջնջի»:  Մինչդեռ մեր խոսակցության ընթացքում գազելով եկած նորագյուղցիները մեկ շնչով ընտրեցին ու լքեցին ընտրատեղամասը: Հետո արդեն հասկանալի էր, որ հանձնաժողվոի նախագահի կողմից «կարդաբալետի» սցենարը մի նպատակ ուներ` ԶԼՄ-ներին շեղել իրենց մասնագիտական պարտականություններից և հնարավորինս խոչընդոտել նրանց աշխատանքը:

Տես նաև այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս