Սոս Գիմիշյան. «Ես ծառա եմ այն գաղափարին, որ մենք պետք է օրինական նախագահ ունենանք»

ՀԱԿ անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո եկել էր ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբ: Հիշեցնենք, որ ՀՔԴՄ-ն հայտարարել էր, որ սատարում է Հրանտ Բագրատյանին:

Սոս Գիմիշյանի խոսքով՝ ինքն իր ընտանիքի անդամների հետ է գնացել քվեարկության ու թեև տանը քարոզոչություն չի արել, սակայն հույս ունի` իբրև տան տղամարդ, իր ընտրությունը մյուսների համար որոշիչ եղած կլինի: «Քանի որ տան գլուխն եմ` հուսով եմ` բոլորը քվեարկել են այնպես, ինչպես ես, բայց ինձ թույլ չեմ տվել իմ երեխաներին քարոզեմ, հույս ունեմ, որ իրենք ճիշտ ընտրություն կատարած կլինեն»,- 168.am-ին ասաց Սոս Գիմիշյանը:

ՀԱԿ անդամն ասաց, որ իր համար կարևոր է, որ Հրանտ Բագրատյանի ներկայացրած ծրագիրը ոչ թե պատվիրված է, այլ իր՝ տասնյակ տարիների մտքի և հոգու արտացոլումն է: «Նա քայլերով, քայլերի շղթայով գիտի, թե ինչպես պետք է կատարի, որ արդյունք ստանա: Եթե այլ մարդիկ էլ փորձեն այս ծրագիրն իրականացնել, ես կհամարեմ, ոչ մենք ինչ-որ արդյունքի հասել ենք»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ իր համար ամենակարևորն այն է, որ ընտրությունների արդյունքում լեգիտիմ իշխանություն ձևավորվի: Սոս Գիմիշյանի խոսքով, 1998-ից հետո ժողովուրդն այլևս չունի իր նախագահը: «Իմ քաղաքական մոտեցումն է` երբեք անձի ծառա չլինեմ, գաղափարի ծառա` այո: Ես ծառա եմ այն գաղափարին, որ մենք պետք է օրինական նախագահ ունենանք»,- ասաց ՀՔԴՄ կուսակցության նախագահը:

Կարդացեք նաև

Նրա համոզմամբ, եթե լինեն արդար ընտրություններ, իշխանությունը 5-ից 10 տոկոս աջակցություն կունենա:

Տեսանյութեր

Լրահոս