
Ռուբեն Հակոբյանը Սուքիաս Ավետիսյանի հետ վիճաբանել է IPhone-ավոր ջահելների պատճառո՞վ

Գյումրիում գտնվող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին երկաթգծի տեխնիկումում տեղակայված` թիվ 34/36 ընտրատեղամասից ոստիկանները Գյումրու բաժին էին տարել ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ վիճաբանելու պատճառով: «Ժառանգության» Գյումրու պատասխանատու Վահագն Հովակիմյանը aravot.am-ին հայտնել է, որ ինքը Ռուբեն Հակոբյանի հետ գնացել է այդ ընտրատեղամաս` ահազանգի հետքերով, իրենց տեղեկացրել են, որ այնտեղ կոպիտ խախտումներ են կատարվում:
Որպես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ` ներս է մտել Ռուբեն Հակոբյանը, Վահագն Հովակիմյանը նրա հետ ներս չի մտել: Այնուհետ վերջինս տեղեկացել է, որ այնտեղից պատգամավորին տարել են ոստիկանություն: Այժմ պատգամավորը դուրս է եկել ոստիկանությունից: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Ռուբեն Հակոբյանը հանձնաժողովի անդամների հետ վիճաբանել է այն պատճառով, որ IPhone-ով մի քանի դիտորդներ, ցուցակների գլխավերևում կանգնած, հսկել ու տեղեկություններ են հաղորդել քվեարկության եկած մարդկանց մասին: Այսինքն՝ իրենց պատվիրատուներին տեղեկացրել են, որ ցուցակագրված այսինչ այսինչյանը արդեն ներկայացել է ընտրության, այնպես որ, հարկ է նրա անվան դիմաց «պտիկչա» դնել: Կայքի թղթակիցը փորձել է այս հարցի շուրջ ստանալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի պարզաբանումները, սակայն նա փոխանցել է, որ այս վայրկյանին մտնում է Երկաթգծի քոլեջի ընտրատեղամաս, խոսելը հարմար չէ, և խորհուրդ տվեց դիմել իրենց մամլո ծառայություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
aravot.am